Степан Сафарян

Ստեփան Սաֆարյան. Եվրոպան քանդման եզրին չէ

61
(Թարմացված է 19:24 16.02.2016)
Եվրոպան փլուզման եզրին չէ, նա ունակ է լուծել ներգաղթյալների հարցը, կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ով հարցի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի-Sputnik. Եվրոպան շատ բարդ վիճակներում է հայտնվել և միշտ ունակ է եղել դրանք հաղթահարել, միգրանտների հետ կապված վիճակն էլ կհաղթահարի, համոզված է Ստեփան Սաֆարյանը։

Նա չափազանցված է համարում այն գնահատականները, թե Եվրոպան քանդման եզրին է։ Պարզապես այս խնդիրը հաղթահարելու գործընթացը շատ ավելի ցավագին է լինելու, քան մարդիկ պատկերացնում են։ Գերմանիայում, օրինակ, նման մեծաքանակ միգրանտների հոսքը խնդիրների հանգեցնելու էր։

«Պետք է հիշել, որ փախստականները բավականին խոցելի խավ են և լավ հումք են հավաքագրումների, նարկոթրաֆիքինգի, մարդկային առևտրի, ահաբեկչության համար։ Մենք Եվրոպայում նման խնդիրներ դեռ միջնաժամկետ կտրվածքով էլ ենք տեսնելու»,- նշեց Սաֆարյանը։

Իսկ երկարաժամկետ կտրվածքով նա տեսնում է ներգաղթյալների ադապտացիայի խնդիրը, դա կլինի, քանի որ Եվրոպան ընդլայնման ժամանակ չորս չափանիշ ունի, որից չորրորդը Եվրոպայի կլանելու ունակությունն է` աբսորբցիան։
Սաֆարյանը համաձայնեց, որ հիմա բարդ իրավիճակ է աշխարհում։

«Շատերը չէին հասկանում, թե որտեղից են գալիս միգրանտները, եղան փոխադարձ մեղադրանքներ, թե Թուրքիան լավ չի հսկում իր սահմանները և միգրանտներին միտումնավոր է ուղարկում։ Հետո Թուրքիան նեղվում էր փողի պակասից, ու նրան փող տրվեց, հիմա էլ ասում է, թե փողը չի պատճառը, այլ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում` փորձելով Եվրոպային հանել Ռուսաստանի դեմ»,- նկատեց նա։

Այդուհանդերձ քաղաքագետը կարծում է, որ Գերմանիան մի պետություն է, որը հրաշալի գիտի, թե ինչ է անում, Անգելա Մերկելն էլ մեծ սխալ թույլ չի տվել։ Սաֆարյանը հիշեցրեց, որ Անգլիան էլ է անցել այս խնդիրների միջով, ու հիմա նորմալ կյանքով է ապրում։

«Եվրոպան մնում է Եվրոպա, և մնալու է Եվրոպա։ Դիսկուրսները` թե սա վերջն է, նպատակ ունեն սթափեցնել հասարակությանը և մտածել լուծումների մասին։ Դժվար, բայց այս խնդիրը լուծվելու է»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Գերմանիայում հասարակական դժգոհություններին, ապա նրա կանխատեսմամբ` դա կավարտվի ընդամենը Մերկելին չընտրելով, իշխանության կուրսի փոփոխությամբ, որովհետև այդ երկիրն ունեցել է ֆաշիստական անցյալ, ու գերմանացիներն այժմ իրենք են մերժում նման դրսևորումները։

Հիշեցնենք, որ «Sputnik.Կարծիք» նախագիծն իրականացրել է հարցախույզ, և «Գերմանիայի կառավարությունը պե՞տք է երկիր թողնի փախստականներին, թե՞ ոչ» հարցին գերմանացիների 41 տոկոսն ասել է, որ կառավարությունը պետք է այլևս չընդունի փախստականներին։

 

 

61