Студенты

Առաջնագծում ծառայած զինվորին մերժում է բուհը

301
(Թարմացված է 16:49 16.02.2016)
Գործու՞մ են արդյոք իրական զեղչեր բանակից վերադարձած ուսանողների համար։ Ագրարային համալսարանի ուսանողներից մեկին, ով բանակից վերադառնալուց հետո դիմել է կրթությունը շարունակելու, բուհում մերժել են` ասելով. «Մոռացիր զեղչի մասին, բուհը բյուջե չունի»։ Ուսանողը դիմել է Sputnik Արմենիային և ռադիոկայանի եթերում բարձրաձայնել խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, առաջնագծում է ծառայել 2014-2016 թվականներին։ Բանակ է գնացել բուհի առաջին կուրսից։

Ծառայությունն ավարտելուց հետո դիմել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան` զեղչ տրամադրելու խնդրանքով։ Սակայն պատասխանն անսպասելի է եղել. «Մոռացիր, նման բան չի կարող լինել»։

Սակայն Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարած ու վերադարձած երիտասարդն այսօր էլ ցանկանում է շարունակել ուսումը և տեղյակ է, որ Հայաստանում գործում է համապատասխան օրենք, որի համաձայն` առաջին գծում ծառայություն անցած զինծառայողները կարող են օգտվել որոշակի զեղչերից։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս։

Զորացրված ուսանողին բուհում ասել են, որ համալսարանում այդ օրենքը գործում է միայն այն դեպքում, երբ միջին գնահատականը 75 տոկոսից բարձր է։

Հարց է ծագում. ինչպե՞ս պետք է հաշվարկել այն ուսանողի միջին որակական գնահատականի շեմը, որն ընդամենը մեկ կամ երկու ամիս է հաճախել բուհ, հետո զորացրվել է բանակ, քանի որ միջին որակական գնահատականը հաշվարկվում է կիսամյակային քննությունից հետո միայն։

Военнослужащие
© Sputnik/ Асатур Есаянц
Զինվորներ

«Եթե բանակ գնալուց առաջ ուսանողը մեկ կիսամյակ չի սովորել, չեն կարող զեղչ տրամադրել։ Զորացրվելուց հետո նա պետք է սովորի առնվազն մեկ կիսամյակ, դրանից հետո միայն կարող են պարզել միջին որակական գնահատականի շեմը»,- Sputnik-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ բարձրագույն կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանը։

Նախարարության պատասխանատուն նշեց, որ կառավարությունն ամեն տարի անվճար տեղեր է հաստատում բանակից զորացրվածների համար, և այդ տեղերում ընդունվածների մրցույթն անցկացվում է ընդհանուր մրցույթից դուրս։

«Օրինակ` եթե հատկացված է մեկ տեղ և դիմել է երկու ուսանող, նրանց միջև մրցույթ է լինում` ընդունելության ժամանակ ստացած միավորների հիման վրա։ Եթե հայտ են ներկայացրել միայն վճարովի տեղերի համար, նրանց մրցույթը կրկին առանձին է անցկացվում»,- ասաց Մելիքյանը։

Բանակից զորացրվածներն այս իրավունքից օգտվում են երեք տարի։ Նույնը կատարվում է մագիստրատուրայի ընդունելության ժամանակ, կրկին հատուկ տեղեր են հատկացվում բանակից զորացրվածների համար։

Ինչ վերաբերում է մարտական հերթափոխ անցկացրած, զորացրված ուսանողներին, ապա ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում լրացում է կատարվել, և ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի և մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում։

«Պետք է պարզել, թե բուհի որ աշխատողն է ասել, որ բյուջե չկա, բուհը դիմում չի ընդունում։ Նման դեպքերը պետք է պատժվեն, որովհետև դրանք հակասում են ՀՀ օրենքներին, մասնավորապես` «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքին»,- ասել է Մելիքյանը։

Ըստ նրա` եթե կառավարությունն ընդառաջել է զորացրված ուսանողին, բուհը մերժելու իրավունք չունի։ Բուհը պետք է ընդունի դիմումը, զինվորական փաստաթուղթը և քննարկի այդ դիմումը։
«Մերժում ստանալու դեպքում կարելի է դիմել ԿԳ նախարարին, այդ դիմումը կփոխանցվի մեզ՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության Մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժին, և մենք կզբաղվենք այդ հարցով»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` զեղչի համար շատերն են դիմում, իրենք էլ ըստ կարգի` դիմում են բուհին։ Դիմումները հիմնականում դրական արդյունք են ունենում, այսինքն` զեղչի հարցը լուծվում է, կարևորն այն է, որ ուսանողը միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած լինի։

Տեղեկացնենք, որ Sputnik Արմենիային դիմելուց հետո բուհում խոստացել են վերանայել մեր զրուցակցի`բանակից զորացրված ուսանողի գործը:

 

 

301