ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի- Sputnik. Հայաստանի ողջ տարածքում փետրվարի 12-ից սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Ըստ օդերևութաբանի` փետրվարի 13-14-ին հովտային շրջաններում կլինի մինչև 10, Սյունիքի հովիտներում` մինչև 15, իսկ լեռնային շրջաններում` մինչև 5 աստիճան տաքություն։
Պետրոսյանը միաժամանակ հայտնեց, որ փետրվարի 8-ին տեղացած ձյունը վերջինը չէ այս ձմեռվա ընթացքում։
«Ձմեռը շարունակվում է, և եթե Արարատյան դաշտում արդեն փետրվարի երրորդ տասնօրյակում առավել շատ է զգացվում գարնան շունչը, ապա նույնը չի կարելի ասել լեռնային շրջանների համար, այնտեղ դեռ ողջ մարտ ամիսը տեղումները հիմնականում ձյան տեսքով են»,- նշեց նա։
Ըստ կանխատեսման` այսօր մինչև երեկո տեղումները հանրապետությունում կշարունակվեն, հետո սպասվում է տեղումների դադար, առաջիկա հինգ օրերին կլինի առանց տեղումների եղանակ։ Գիշերը լեռնային շրջաններում սպասվում է 8-13, ցերեկը` 0-5 աստիճան ցուրտ, հովտային շրջաններում, այդ թվում` մայրաքաղաքում գիշերը կլինի 1-4 աստիճան ցուրտ, վաղը ցերեկը` 1-4 աստիճան տաքություն։
Փետրվարի 10-11-ին, ամպամածության բացակայությամբ պայմանավորված, ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով, ու արդյունքում լեռնային շրջաններում նվազագույն ջերմաստիճանը կդիտվի գիշերը մինչև 15 աստիճան ցուրտ, ցերեկը` 3 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն, հովտային շրջաններում` գիշերը կլինի մինչև 6 աստիճան ցուրտ, ցերեկը` նույնքան տաքություն։
Տեղումների հետևանքով Հայաստանում փակ ճանապարհներ կան, Sputnik ռադիոկայանին հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ Մասնավորապես, փակ են Սոթք-Քարվաճառ ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը։
Կան նաև բավականին շատ դժվարանցանելի ճանապարհներ Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, մասնավորապես դժվարանցանելի են Վայք-Սիսիան, Սիսիան-Գորիս, Ապարան —Սպիտակ, Ալագյազ —Արթիկ, Ալավերդի- Վանաձոր, Սևան-Մարտունի ճանապարհները, Դիլիջանի ոլորանները, միջհամայնքային ճանապարհները։
Այսօր եղել են մեքենաների արգելափակման դեպքեր, փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 109 տրանսպորտային միջոց և շուրջ 300 քաղաքացու։ Լուրջ պատահարներ ճանապարհներին չեն եղել։
Եվ քանի որ բարձրադիր հատվածներում գրեթե ամենուրեք այսօր երեկոյան ժամերին կդիտվի մերկասառույց, Խանգելդյանը կոչ արեց վարորդներին` զգոն լինել ուշ ժամերին երթևեկելիս։
Նա հայտնեց, որ բոլոր ռազմավարական ուղղություններով մաքրման աշխատանքներ են իրականացվում, և ձյան ավարտից հետո ճանապարհներին խնդիրներ չեն լինի։ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է իրականացնեն բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն որևէ մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։
«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Դրան գումարած, ադրբեջանական կողմը փորձում է օրակարգում միայն մի ուղղություն պահել՝ Մեղրիով Նախիջևան տանող միջանցքը, որը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին», - ասաց նա։
Սակայն, ըստ նրա, կան երթուղիներ, որոնց բացումը շահավետ է հայկական կողմի համար։ Դա Մեղրիով անցնող նույն ճանապարհն է, սակայն արդեն Նախիջևանով Արարատյան դաշտ, որը թույլ կտա ավելի արագ և հեշտ միմյանց կապել երկրի հարավային ու կենտրոնական շրջանները։ Այսօր Մեղրիից Երևան բեռնափոխադրումների վրա նույնքան ռեսուրս է ծախսվում, որքան Թբիլիսիից կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներից, հավելեց նա։
Ավելի ընդարձակ համատեքստում դա Նախիջևանի երկաթուղու բացումն է, որը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խորհրդային տարիներին այդ երկաթուղին ՌԽՖՍՀ-ի ու անդրկովկասյան պետությունների միջև հիմնական բեռնափոխադրումային մայրուղին էր (Աբխազիայով ճանապարհը հիմնականում ուղևորատար էր)։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կարող է ամրապնդվել նաև շնորհիվ Իջևանից Ղազախ երկաթուղային ճանապարհի բացման, հիշեցրեց Թավադյանը։
«Այդ պատճառով բոլոր այդ հարցերը պետք է համալիր լուծում ստանան։ Հակառակ դեպքում գործընթացները տեղից չեն շարժվի», - ընդգծեց Թավադյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ քննարկումների համար եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:
«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:
«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում


