Москит вируса Зика

«Զիկա» վիրուսի մոծակը սպառնում է 4 միլիոն մարդու. Հայաստան այն չի եկել

667
(Թարմացված է 17:41 02.02.2016)
Զիկա վիրուսը մեծ արագությամբ տարածվում է Ամերիկա մայրցամաքում: ԱՀԿ-ից զգուշացնում են, որ այն կարող է սպառնալ ավելի քան 4 միլիոն մարդու: Հայաստանում այդ վիրուսը չկա, սակայն այստեղ ուսումնասիրում են դրա տարածման աղբյուրն ու վտանգավորությունը

Գոհար Սարգսյան, Sputnik

«Զիկա» վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, տարածվում է մոծակների միջոցով: Վիրուսը Հայաստանին դեռ չի սպառնում, քանի որ, ըստ համաճարակաբանների, այդ տեսակի մոծակներ մեր երկրում չկան:

«Տենդի հարուցիչը ֆլավիրուսն է, փոխանցողը՝ «Aedes aegypti» տեսակի մոծակները»,-ասաց առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգեման ազգային ինստիտուտի» տնօրեն Արտավազդ Վանյանը:

Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ այս վիրուսի մասին պատրաստվում են ուղեցույցներ: Ըստ նախարարության հաղորդագրության՝ հիվանդության ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, մկանացավեր: Ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:

«Վարակվածների միայն 20 տոկոսի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով: Խնդիրներ են առաջանում հղիների մոտ; Հիմա քննարկումներ են ընթանում, թե վիրուսն ինչ բացասական ազդեցություն է ունենում պտղի վրա»,- ասաց Արտավազդ Վանյանը:

Չնայած այն հանգամանքին, որ «Զիկա» վիրուսով հիվանդներ ունեցող երկրներում մահացած պտղի հյուսվածքերում հայտնաբերվել է հարուցիչը, սակայն դեռ ապացուցված չէ, որ հենց դա է մահվան պատճառը: Որոշ երեխաներ էլ, որոնց մայրերը վարակված են եղել «Զիկա» վիրուսով, ծնվել են բնածին արատներով. նրանց մեծ մասը չափազանց փոքր գլուխ է ունեցել: Բրազիլիայում արդեն գրանցվել է վիրուսի հետևանքով նորածինների մահվան 5 դեպք:

«Այս հիվանդության դեմ պատվաստանյութ կամ հատուկ դեղորայքային բուժում դեռ չի գտնվել: Արգելվում է ասպիրինի կամ այլ ոչ ստերոիդ դեղորայքի օգտագործումը, այդ թվում են Իբուպրոֆենն ու Նապրոքսենը»,- տեղեկացրին առողջապահության նախարարությունից:

«Զիկա» տենդի փոխանցողը մոծակը խայթում է ինչպես փողոցում, այնպես էլ շինության ներսում, հիմնականում՝ երեկոյան և գիշերային ժամերին: Խորհուրդ է տրվում օգտագործել միջատներին վանող միջոցներ:

Ժնևում կայացած հատուկ ժողովի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը տեղեկացրել է, որ Զիկա վիրուսը ի հայտ է եկել դեռևս 1947 թվականին:

«Զիկա վիրուսը հայտնաբերվել է Ուգանդայում: Այդ ժամանակ այն չնչին վնաս էր ներկայացնում մարդու համար: Հետագայում վիրուսը տարածվել է աշխարհում, և վերջին տարիներին դա ասոցացվում է նաև նյարդաբանական խնդիրների հետ: Այս պահին վիրուսի դեպքեր են գրանցվել աշխարհի 23 երկրում: Տագնապի մակարդակը բարձր է»,-ասել է Մարգարեթ Չանը:

Ավելացնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ ռեժիմ է ասհմանված. ջերմություն ունեցող մարդուն անմիջապես բուժզննաման են ենթարկում: Սակայն դա կապված չէ միայն վերոնշյալ հիվանդության հետ, վերաբերում է նաև մյուս սուր վարակիչ հիվանդություններին, որոնք Հայաստանում մեծ թափ առան, ու հունվարի կեսերին առավելագույն ցուցանիշները գրանցվեցին:

 

 

667