Хосе Антонио Гуриара с членами организации АСАЛА

ԱՍԱԼԱ-ի պայթյունից տուժած իսպանացին նվիրվեց Հայ Դատին

1543
(Թարմացված է 00:33 25.01.2016)
Խոսե Անտոնիո Գուռիարանը իսպանացի հայտնի լրագրող է, բացառիկ հարցազրույցներ է ունեցել Սալվադոր Դալիի, Ինդիրա Գանդիի և Ժաքլին Քենեդու հետ: Սակայն նա համարում է, որ իր գաղափարական հասունացումը տեղի է ունեցել 1980-ականներին, երբ դժբախտ պատահարը ստիպեց ուսումնասիրել Մեծ եղեռնն ու իրեն պահանջատեր դարձրեց:

Գոհար Սարգսյան, Sputnik.

1980 թվական, դեկտեմբերի 29, Մադրիդ: Խոսե Անտոնիո Գուռիարանը սովորականից շուտ դուրս եկավ խմբագրությունից. կնոջ հետ կինոթատրոն պիտի գնար՝ Վուդի Ալենի ֆիլմերից մեկը դիտելու: Մեկ էլ պայթյուն որոտաց: Որպես արհեստավարժ լրագրող՝ Գուռիարանը մոտեցավ հեռախոսի խցիկին գործընկերոջն իրավիճակը ներկայացնելու համար, ու հենց այդ պահին երկրորդ պայթյունը որոտաց, որի հետևանքով լրագրողը կորցրեց մի ոտքը: Կյանքի և մահու պայքարը կարճ չտևեց:

«Անցել եմ կյանքիս ամենադաժան ու միաժամանակ հետաքրքիր իրավիճակի միջով, որովհետև չափազանց մոտիկից եմ զգացել մահվան այրող սառնությունը»,-պատմել է Գուռիարանը:

Ովքե՞ր էին պայթյունի հեղինակները: Սա առաջին հարցն էր, որի պատասխանն ուզում էր ստանալ Գուռիարանը վերականգնվելուց հետո: ԱՍԱԼԱ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ: Այդ ժամանակ հայտնի լրագրողը ոչինչ չգիտեր ո՛չ այդ կազմակերպության, ո՛չ էլ Հայաստանի ու հայերի մասին:

Хосе Антонио Гуриара с членами организации АСАЛА
Из личного архива
Խոսե Անտոնիո Գուռիարան

 

«Ես հանդիպեցի ԱՍԱԼԱ-ի մարտիկների հետ: Նրանք հանդիպման եկան դիմակներով և զինված Կալաշնիկովներով: Ես նրանց ղեկավարին նվիրեցի Մարտին Լյութեր Քինգի գիրքը՝ մտածելով, որ դա նրան մտածելու առիթ կտա այն ճանապարհի մասին, որն ընտրել է»,-պատմել է Գուռիարանը:

Ավելի քան 30 տարի է, ինչ Խոսե Անտոնիո Գուռիարանն ուսումնասիրում է հայոց ցեղպասպանությունը, դատապարտում երիտթուրքերի իրականացրած ոճիրն ու Թուրքիային կոչ է անում ճանաչել այն: Գուռիարանը դարձել է հայ ժողովրդի մեծ բարեկամն ու Ցեղասպանության ճանաչման ջատագովն Իսպանիայում: Այն, որ մոռացվում է հայոց ցեղասպանությունը, հիմնական մեղավորը միջազգային էգոիզմն է. մի առիթով ասել է Գուռիարանը:

«Թուրքական կառավարությունն իր աչքերն ու ականջները փակում է: Իր նախնիների արածն ընդունելու քաջություն չունի: Չնայած Թուրքիայում արդեն իսկ հայտնվել են մտավորականներ, ովքեր դատապարտում են ցեղասպանությունը, օրինակ՝ Օրհան Փամուկն ու Թաներ Աչքամը»,-ասել է Խոսե Անտոնիո Գուռիարանը:

Хосе Антонио Гуриара
Из личного архива
Խոսե Անտոնիո Գուռիարան

Լրագրողը դեմ է, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը: Նա կարծում է, որ քանի դեռ չի ընդունել Ցեղասպանությունը, այդ երկիրն իրավունք չունի միանալու քաղաքակիրթ ու ժողովրդավար ազգերի ակումբին:

Իսկ հայերն ու Հայաստանը մտել են իսպանացի լրագրողի հոգու խորքը: Նա հայերին համարում է հարուստ մշակույթ ունեցող կիրթ ու աշխատասեր ժողովուրդ:

Իր հետ պատահածի ու Հայոց ցեղասպանության մասին Գուռիարանը 2 գիրք է գրել՝ « La bomba» (Ռումբը) և «Հայերը. Մոռացված ցեղասպանություն»: Վերջին գրքի հիման վրա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը նկրահանել է «Մի խենթի պատմություն» ֆիլմը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Այս ֆիլմով է մեկնարկել «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը:

Խոսե Անտոնիո Գուռիարանը իսպանացի լրագրող, արձակագիր և հրապարակախոս է: Նրան ճանաչում է բերել Ինդիրա Գանդիի հետ հարցազրույցն ու ռեպորտաժների շարքը Հնդկաստանից: Լրագրողական հետաքննություն է կատարել ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին:

Хосе Антонио Гуриара
Из личного архива
Խոսե Անտոնիո Գուռիարան

 

 

1543