Зоопарк в Гюмри

Հյուծված Միշան և Մաշան բուժվում են Երևանի կենդանաբանական այգում

49
Տեղական և համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնված հինգ կենդանուց երկուսն այժմ գտնվում են Երևանի կենդանաբանական այգում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում բնակվող արջերին՝ Միշային և Մաշային տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կենդանիները բուժօգնություն են ստանում, Sputnik Արմենիային հայտնեցին այգու մամուլի ծառայությունից:

Գյումրու կենդանաբանական այգում կենդանիներին պահելու հետ կապված խնդիրները ծագել էին անցյալ տարի: Սեփականատերը կենդանիներին բերել էր Ռուսաստանից 2010 թվականին, սակայն դրամական միջոցները չէին բավականացրել հետագա խնամքի համար, և նա դիմել էր պետության ու բարերարների օգնությանը:

Կենդանիներն այժմ Երևանի կենդանաբանական այգում են, որտեղ կմնան 30 օր, քանի որ հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում են գտնվում: Այդ ընթացքում կձևակերպվեն Ռումինիա մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ արջերը որևէ փաստաթուղթ չունեն:

Կենդանիներին Ռումինիա տեղափոխելու նախաձեռնությամբ հանդես է եկել Libearty Bear Sanctuary կազմակերպությունը: Առյուծների հետ կապված վիճակը դեռ անորոշ է: Հնարավոր է՝ նրանց նույնպես տեղափոխեն Երևանի կենդանաբանական այգի:

Գյումրու կենդանաբանական այգում բնակվող հինգ կենդանու ճակատագիրը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ բրիտանական The Daily Mail-ը կենդանաբանական այգու ողբալի վիճակի մասին ռեպորտաժ ցուցադրեց:

 

 

 

49