Флаги ОБСЕ

Մինսկի խումբը ԵԽԽՎ–ին հորդորում է չբարդացնել բանակցային գործընթացը

127

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկման հետ կապված հայտարարություն է տարածել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ջեյմս Ուորլիքը՝ (Միացյալ Նահանգներ), Պիեր Էնդրյուն (Ֆրանսիա), ողջունում են կողմերի ջանքերը՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման հարցում եւ պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ, որոնք հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական բանաձև է ներառվել «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»։ Բանաձևերի քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին:

 

127