Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյան. ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիան ընտրությունների հետ կապ չունի

160
(Թարմացված է 14:26 22.01.2016)
Հարությունյանը կարծում է, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին անգամ հինգ տարի հետո, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կձևավորվեր

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցության և Հանրապետական կուսակցության նորաստեղծ կոալիցիան պետք չէ դիտարկել որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կատարված քաղաքական ակցիա, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում տեսակետ հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Նրա կարծիքով` նոր Սահմանադրությամբ հանրային կյանքը որակապես նոր հուն տեղափոխելու, հանրապետության զարգացման պատմական ուղին փոխելու հնարավորություն և քաղաքական անհրաժեշտություն է ձևավորվում։ Եվ այդ պատմական պատասխանատվությունը ստանձնեցին երկու կուսակցություն` Հանրապետականը և ՀՅԴ-ն։

«Հանրային կյանքի կազմակերպման կոնցեպտուալ հարցերում համատեղ ջանքերով հանդես գալու նախաձեռնություն. այսպես կներկայացնեի այս կոալիցիան»,- մեկնաբանեց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում որոշում կայացնելու, այսինքն` քանակական խնդիր չունի։

«Նախկինում էլ` 2007-2008-ին, 2012-13-ին. երբ Հանրապետական կուսակցությունը կոալիցիա էր ձևավորում, առաջնորդվում էր ոչ թե որոշումները հեշտ ընդունելու մղումով, այլ ավելի բազմաշերտ քաղաքական համագործակցություն ձևավորելու ակնկալիքով։ Այս համագործակցությունն էլ այդպես եմ ընկալում և չէի կապի առաջիկա ընտրությունների հետ։ Եթե ընտրությունները լինեին անգամ 5 տարի հետո, այս կոալիցիան կձևավորվեր»,- կարծում է պատգամավորը։

Մեկնաբանելով կարծիքները, որ ՀՅԴ-ն պորտֆելների համար է մտել կոալիցիայի մեջ, Հարությունյանը նշեց, որ այսօր օբյեկտիվ տնտեսական վիճակը երկրում, տարածաշրջանում, միջազգային շուկաներում այնքան ծանր է, որ պորտֆել վերցնելը ոչ թե իրավունք է ու հնարավորություն, այլ հավելյալ պատասխանատվություն հանրության առջև։

«Այդ պատասխանատվությունը ես չէի ներկայացնի որպես 3 կամ 5 պորտֆել, խոսքն ավելի շատ գնում է, թե ՀՅԴ ծրագրերից որ ոլորտի ծրագրերն ավելի համարժեք կլինեն ստեղծված իրավիճակում, և գուցե այդ ոլորտի կառավարումը վերապահվի ՀՅԴ-ին»,- նշեց նա։

Հարությունյանը չնշեց սակայն, թե կոնկրետ որ ոլորտների մասին է խոսքը` ասելով. որ լավ ծանոթ չէ ՀՅԴ ծրագրին։

Նա ընդգծեց, որ Հանրապետական կուսակցությունը քրիստոնեադեմոկրատական քաղաքական մտքի կրողն է, Եվրոպայում նման ուղղություններն այժմ սկսում են ակտիվորեն համագործակցել սոցիալ-դեմոկրատական ուղղվածության ուժերի հետ, իսկ ՀՅԴ-ն այդպիսին է, և այս համագործակցությամբ հնարավոր կլինի որոշ խնդիրների լուծումներ գտնել։

Պատասխանելով հարցին` թե 2017-ին ընդառաջ հավանական համարու՞մ է, որ ՀՀԿ-ն համագործակցության առաջարկ անի նախկին կոալիցիոն գործընկերներից որևէ մեկին, օրինակ` ԲՀԿ-ին, Հարությունյանը պատասխանեց, որ ոչինչ պետք չէ բացառել։

Անդրադառնալով նորաստեղծ կուսակցությունների հետ կոալիցիա ձևավորելու հավանականությանը` պատգամավորը կրկին նշեց, որ ոչինչ պետք չէ բացառել։

«Նոր Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը ճկուն են, քաղաքական մանյովրների մեծ հնարավորություններ են ստեղծվում ընտրությունների արդյունքում։ Եթե այդ կուսակցությունները հաղթահարեն 5 տոկոսի շեմը և հայտնվեն խորհրդարանում, նրանց հետ բանակցություններ կարող են վարվել ապագա կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ»,- նշեց Հարությունյանը։

 

160