ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ առողջապահական համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով և առաջիկա օրերին նույնպես շարունակելու է գործել այդպես:
Տեղեկացվել է, որ նշված օրերին գրանցվել է 350-ից ավելի սուր շնչառական հիվանդության դեպք, որոնցից 67-ը՝ թոքաբորբով, իսկ օրական արձանագրվել է 800-ից ավելի շտապօգնության կանչ:
Միաժամանակ, զեկուցվել է, որ հանրապետությունում գրանցվել է H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք. բոլոր հիվանդները գտնվում են ուժեղացված հսկողության ներքո: Տվյալ վիրուսը կանխարգելելու նպատակով պատվաստվել են հանրապետության բոլոր խոցելի խմբերը:
Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում վերջին օրերի ընթացքում սուր շնչառական խնդիրներով հոսպիտալացվել է 24 հղի կին, որոնցից 5-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Նրանցից 2-ը ներկայում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը ևս աստիճանաբար բարելավվում է: Ցավոք, գրանցվել է թոքաբորբով հիվանդ մեկ հղի կնոջ մահվան դեպք, ինչը, նախարարի զեկուցմամբ, պայմանավորված է եղել հիվանդության կտրուկ սրմամբ և բժիշկներին ուշ դիմելու հանգամանքով: Դեպքի առնչությամբ պատրաստվում են քննչական նյութեր:
Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հիվանդների վիճակն ուժեղացված կերպով վերահսկվում է:
Նախարարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակաբանական վիճակը միանգամայն վերահսկելի է և կառավարելի, բոլոր բուժհիմնարկները համալրված են անհրաժեշտ դեղորայքով: Նախարար Մուրադյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման աշխատանքային խումբ, որն օրական երկու անգամ խորհրդակցություն է անցկացնում և քննարկում իրավիճակը՝ բոլոր խնդիրներին շուտափույթ արձագանքելու նպատակով:
Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև զորամասերում առկա իրավիճակով, մասնավորապես, զինծառայողների առողջությամբ: Զեկուցվել է, որ զորամասերում հիվանդություններրի հետ կապված որևէ ծանր դեպք չի գրանցվել, արձանագրվել է թոքաբորբի 9 դեպք: Բոլոր հիվանդները գտնվում են անհրաժեշտ հսկողության ներքո:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարար Մուրադյանին հետևողականորեն շարունակել աշխատանքը և շրջայցերը բժշկական հաստատություններ, իրավիճակը պահել իր անմիջական ուշադրության կենտրոնում:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։


