ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում Քրիստոսի ծնունդը տոնում են հունվարի 5-ի երեկոյան. մատուցվում է սուրբ պատարագը, վառվում են մոմերը, իսկ հունվարի 6-ի առավոտյան կատարվում է Ջրօրհնեաց կարգը՝ ի հիշատակ Քրիստոսի մկրտության:
«Յուրահատուկ զգացողություն է, երբ սկսում ես նոր կյանք ապրել Քրիստոսի ծննդյան օրը»,- խոստովանում են քրիստոնյաները:
Հավատացյալ քրիստոնյաները Սուրբ ծնունդից առաջ ոչ մեծ Պահք են պահում, որը ոչ միայն կամքի ուժ է պահանջում տոնական շրջանում, այլ նաև՝ հոգևոր տոկոնություն: Պահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ին:
«Մաքրվելու և անցած տարին վերաիմաստավորելու շրջան է: Պետք է կարողանաս սահմանափակել քեզ ինչ-որ հարցերում, հրաժարվես սովորական բաներից, որպեսզի ավելի շատ կենտրոնանաս հոգու վրա: Օրինակ՝ Պահքի շրջանում ես ուրախ հավաքույթների չեմ մասնակցում, որոշ հաղորդումներ չեմ դիտում, երաժշտություն չեմ լսում: Ինչ-որ ժամանակ առաջ չէի կարող անգամ պատկերացնել, որ կարելի է առանց այդ ամենի ապրել: Բայց Պահքի ընթացքում մաքրագործվում ես, հունվարի 6-ը դիմավորում առանց աշխարհիկ հոգսերի և բեռի»,- ասում է Անժելան, ով առաջին տարին չէ, որ Ծննդյան Պահք է պահում:
Ողջ աշխարհի հայկական եկեղեցիներում երեկոյան պատարագն ավետում է Աստվածահայտնության ճրագալույցի մասին: Եկեղեցիներն օծվում են կանթեղների ու մոմերի լույսով, շուրջբոլորը պարուրվում է մոմի բույրով, որը խորհրդանշում է Բեթխեհեմի աստղի լույսը, որը քրմերին ցույց է տվել ճանապարհը դեպի մանուկ Քրիստոս:
Անահիտ տատիկը թոռների հետ սրտի թրթռիով է սպասում Սուրբ ծնունդին, չէ՞ որ դա տարվա մեջ իր ամենասիրելի տոնն է: «Երեխաները սիրում են ինձ հետ գալ եկեղեցի, դա նրանց համար որոշակի խորհուրդ ունի: Ինձ համար հատուկ օր է, նոր փուլի սկիզբ: Հոգևոր մաքրագործման և խաղաղության զգացողություն եմ ապրում»,- ասում է նա:
Այս օրը եկեղեցիները բազմամարդ են լինում: Մարդիկ եկեղեցի են գնում Աստծու լույսի հետևից, վառում են մոմերը, հետո դրանք տուն բերում՝ հավատալով, որ օրհնված կրակը հաջողություն կբերի ու կպաշտպանի չարից:
«Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել հին ավանդույթներին և շարունակել նշել Քրիստոսի ծնունդը հունվարի 6-ին: Մինչև 336թ.-ը բոլոր եկեղեցիները նշել են տոնը հենց այդ օրը, բայց հետո իրավիճակը փոխվել է: Կաթոլիկ եկեղեցին սկսել է Սուրբ ծնունդը նշել դեկտեմբերի 26-ին: Հեթանոսության շրջանում այդ օրը նշել են Արևի աստծու տոնը»,- պատմում է Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ, քահանա Պետրոս Մալյանը:
Հոգևորականի խոսքով՝ հոգևոր առումով Սուրբ ծնունդը նշելը փոփոխությունների չի ենթարկվել:
«Ամեն ինչ նշվում է այնպես, ինչպես հազարամյակներ առաջ: Շատ բան է փոխվել եկեղեցու դռներից այն կողմ: Մարդկանց համար ավելի նշանակալի է դարձել Նոր տարին, քան Սուրբ ծնունդը»:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական սուրբ պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգը` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Այդ ջրով օծում են սենյակի անկյունները. սուրբ ջուրը վտարում է չար ոգիներին, ինչպես նաև բուժում մարմնական և հոգևոր հիվանդությունները:
Բոլոր ծեսերից հետո տնային տնտեսուհիները տանը Ծննդյան սեղան են գցում: Այն պետք է շատ պարզ լինի, քանի որ դրանով ավարտվում է Պահքը: Այդ օրն ընդունված է ձուկ պատրաստել, կանաչեղեն, չամիչով ու չրերով փլավ: Հայտնի է, որ բրինձը մարմնավորում է մարդկությունը, իսկ չամիչը՝ այն ընտրյալներին, որոնց Աստվածն ընտրել է իր գործը շարունակելու համար:
Մարդիկ բարձրացնում են կարմիր գինով լցված գավաթները՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։


