кино, фильм, кинематограф, кинолента

Հայկական կինոն այդպես էլ երիտասարդ մնաց

108
(Թարմացված է 17:48 28.12.2015)
120 տարի առաջ`1896թ.–ի հունվարի 6-ին, տեղի ունեցավ Լյումեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» ֆիլմի պրեմիերան։ Այժմ Կինոյի միջազգային օր է համարվում դեկտեմբերի 28-ը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Կինոն արվեստի ամենահետաքրքիր ու բարդ տեսակներից մեկն է, որը ստեղծվում է անձի կողմից և մեծ դեր խաղում անձի ձևավորման գործում։

Ոչ ոք չէր էլ մտածում, որ արվեստի այս նոր տեսակը, որը կինեմատոգրաֆ էր կոչվում, կտարածվի ողջ աշխարհով մեկ։ 1896 թվականին աշխարհը նույնիսկ չգիտեր, որ կինոն կդառնա արվեստի ամենասիրված տեսակներից մեկը։ Երկար վեճերից ու տարաձայնություններից հետո ծնվեց կինոն և, մի շարք փոփոխություններ կրելով, հասավ մեր օրեր։

Հայաստանում կինոն սկսեց ծնունդ առնել այն ժամանակ, երբ արվեստի այդ տեսակը դանդաղ, բայց հաստատուն քայլերով իր տեղն էր գրավում աշխարհում։ Հայկական առաջին կինոժապավենը դարձավ 1926 թվականին նկարահանված «Նամուս» ֆիլմը, որը ցնցեց հայ հանդիսատեսին։

Հայկական ֆիլմը բարդ ճանապարհ է անցել, և դժվար է ասել` երբ ու ինչպես այն կձևավորվեր, եթե Խորհրդային Միության ծրագրերի մեջ չլիներ մշակույթն արվեստի այս տեսակով համալրելու գաղափարը ։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց «Հայֆիլմը»։

«Հայկական ֆիլմը դժվար ուղի է անցել, եղել են և՛ վերելքներ, և՛ անկումներ։ Սակայն այդ տարիներին, ցավոք, այդպես էլ չձևավորվեց հայկական կինեմատոգրաֆի դպրոցը, որը կունենար իր ուրույն ձեռագիրը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

Նա խոստովանում է, որ հայկական կինոյում առանձին վառ կերպարներ կան, ովքեր իրենց հետքն են թողել կինեմատոգրաֆում։

«Սերգեյ Փարաջանովը, Արտավազդ Փելեշյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Համո Բեկնազարյանը, Հենրիկ Մալյանը, Հարություն Խաչատրյանը, սրանք այն մարդիկ են, ովքեր հետաքրքիր կինո են ստեղծել։ Այդուհանդերձ, նրանց միջև որոշակի կապ չկա, որը ուսանելի կլիներ ապագա սերունդների համար», — ասաց Րաֆֆին։

Նրա խոսքով` Փարաջանովի, Փելեշյանի և այլ հրաշալի ռեժիսորների ձեռագրերը լիովին հայկական կինոյին չեն պատկանում։

Այսօրվա դրությամբ հայկական կինեմատոգրաֆը լուրջ խնդիր ունի, որը անմիջականորեն կապված է կինոարտադրության հետ։ Մովսիսյանի խոսքով` հայկական ֆիլմերը նկարահանում են նույն մարդիկ, այն դեպքում, որ աշխարհը պահանջում է նոր թարմ հայացք, ռեժիսորական նոր լուծումներ։

«Աբսուրդային է այն իրավիճակը, երբ մարդիկ, ովքեր արդեն 10 ֆիլմ են նկարահանել, շարունակում են օգտագործել պետբյուջեի գումարները։ Նրանք արդեն պետք է ֆինանսավորում ստանալու համար դիմեին տարբեր համաշխարհային հիմնադրամերի և բյուջետային միջոցները զիջեին երիտասարդներին», — նշում է Մովսիսյանը։

 

108