ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, նրանց ընտանիքներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներին:
«Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը դուք այս տարի կատարել եք բարձր արդյունավետությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց նախագահը:
Նա շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում լրագրողների ներդրած ջանքերի և կատարած մեծածավալ աշխատանքի համար:
«Դուք և արտերկրի ձեր գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողացաք միջազգային հանրության համար առավել տեսանելի դարձնել Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում: Ցույց տվեցիք մեր պայքարի համամարդկային բնույթը: Միաժամանակ դուք նաև կարողացաք մեր հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայացնել առաջադեմ մարդկության, նաև թուրքական հասարակության առողջ հատվածի համերաշխությունը մեր ժողովրդի ցավին ու իղձերին»,- նկատեց նախագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարն անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխություններին` նշելով, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթե չլինեին լրատվամիջոցների մասնագիտական նվիրումն ու պատասխանատվության զգացումը:
«Այսօր մենք հաստատապես կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատությունները Հայաստանում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին, և սա համատեղ հետևողական աշխատանքի արդյունք է և մեծ ձեռքբերում: Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաև մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ մեր խնդիրները տակավին լուծված չեն, և դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսին երազում ենք: Փորձը հուշում է, որ դրան կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքով, նկատում է նախագահը, որից, նրա համոզմամբ, անմասն չպետք է մնան լրագրողական համայնքն ու լրատվամիջոցները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


