ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին վստահեցնում է, որ հաջորդ տարին՝ 2016 թվականն ավելի արդյունավետ ու բեկումնային կլինի: Գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը Վիեննայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը կայացած գեղեցկության մրցույթից հետո արդեն բազմաթիվ հրավերներ ու առաջարկներ է ստացել:

«Վիեննայից հետո մի շարք առաջարկներ եմ ստացել, որպեսզի Հայաստանը ներկայացնեմ տարբեր մրցույթներում: Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի շնորհիվ ես «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացա: Բացի մոդելային ցուցադրություններից ու գեղեցկության մրցույթներից, ստացել եմ նաև հեռուստատեսային շոուներ վարելու առաջարկ Գերմանիայից, իսկ Փարիզի և Վիեննայի մոդելային գործակալություններից կան առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են»,- նշեց Լիլիթը՝ առայժմ չցանկանալով բացել փակագծերը:
«Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին Հայաստանի դրոշն առաջին անգամ ներկայացնելը մեծ հաղթանակ էր»,– ասում է Լիլիթը` միաժամանակ նկատելով, որ գեղեցկության տիտղոսի համար պայքարող 92 մասնակցի շարքում հայտնվել է լավագույն ութնյակում, իսկ «Տաղանդներ» կոչվող փուլում ներկայացրել է իր նկարչական տաղանդը:, I am woman of the Earthե աշխատանքով Լիլիթը հայտնվել է լավագույն հնգյակում:
«Մեծ հպարտություն եմ զգում, քանի որ ֆավորիտների թոփ ութնյակում հայտնվելն առաջին անգամ այդ մրցույթին ներկայացնող երկրի համար բավական լավ արդյունք է: Մրցույթին հաղթեց Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհին, բայց ինձ համար ֆավորիտը Ուկրաինայի ներկայացուցիչն էր: Չնայած սա մրցույթ էր, բայց շատերի հետ եմ ընկերացել: Նույնիսկ, երբ ես այդ ընթացքում հիվանդացա, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները հոգ էին տանում: Սա ցույց էր տալիս, որ նրանք ոչ միայն արտաքնապես էին գեղեցիկ, այլ նաև ներքին գեղեցկություն ունեին: Այս, ինչպես նաև 2015 թվականին «Թոփ մոդել Հայաստան» մրցույթին «Թոփ մոդել» տիտղոսին արժանանալը ճակատագրական դարձավ ինձ համար, բայց հուսամ, որ դեռ ամեն ինչ առջևում է»,-ասում է Լիլիթ Մարտիրոսյանը:
«Շատերը գիտեին, որ Հայաստանն առաջինն է պաշտոնապես ընդունել քրիստոնեությունը, մոտենում էին ու հպարտանալով նշում, որ գիտեն Հայաստանի մասին, գիտեն, որ ունենք Շառլ Ազնավուր ու հպարտանալու շատ մարդիկ ու առիթներ»,- նշեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այս մրցույթներին մասնակցելու համար հովանավորներ չի ընդունում. միակ հովանավորն իր ընտանիքն է: Լիլիթը պատրաստվում է ուսումը շարունակել Լոնդոնում, ինչը չի խանգարի իր մոդելային գործունեությանը, իսկ ընտանիք կազմելու մասին դեռ չի մտածում:

Որպես մոդել Լիլիթի նորամուտը եղել է 2012 թվականին՝ «Միսս Հայաստան» մրցույթով, այստեղ էլ առաջին անգամ Լիլիթին նկատել է «Ատեքս» մոդելային գործակալության տնօրեն Օլգա Լավրիենկոն և երկարոտն հայուհուն, յուրահատուկ դիմագծերով օժտված գեղեցկուհուն համագործակցության առաջարկություն է արել: 2015 թվականին «Թոփ մոդել Հայաստան» մրցույթը ճակատագրական դարձավ գեղեցկուհու համար՝ նա արժանացավ «Թոփ մոդել» տիտղոսին, որից հետո էլ ստացավ «Միսս Երկրագունդ» մրցույթին Հայաստանը ներկայացնելու առաջարկը:
Լիլիթը մրցույթներին մասնակցում է անբացատրելի ոգևորությամբ, այնպես, ինչպես անբացատրելի են կյանքի հրաշքները, երբ տարիներ առաջ փոքրիկ Լիլիթին 1988 թվականի ահավոր երկրաշարժի փլատակներից հրաշքով փրկեց մայրը, ում առաջարկով էլ տարիներ անց մոդելային իր կարիերան սկսեց սևաչյա գեղեցկուհին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


