Նախարար Արմեն Մուրադյանը կարծում է, որ ալյուրը հարստացնելու ծրագիրն օրակարգային է մեր երկրի համար: Օրենքի նախագիծը մշակողների գերխնդիրը բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունները կանխարգելելն է:
«Համոզված եմ, որ սա այն ուղղություններից մեկն է, որը հանրային առողջություն է պարգևելու մեր ժողովրդին և թույլ է տալու, որ տարիներ հետո չտեսնենք սակավարյունությամբ տառապող երեխաների, կանանց: Այսօր մենք 700 երեխա ունենք երկրում, որոնք արատներով են ծնվում: Նրանցից 180-ը մանկատներում են հետագայում մեծանում: Բազմաթիվ երեխաների սրտի վիրահատություններ են անում: Նրանցից մի մասը սայլակների վրա է մեծանում, հետագայում կյանքի որակի հետ կապված խնդիրներ են ունենում: Մենք պարտավոր ենք մտածել ամեն օր, որ մինչև մենք քննարկում ենք, այդ երեխաները ծնվում են, մինչև մենք քննարկում ենք սակավարյունությունից տարբեր հիվանդություններ են ձևավորվում: Բայց մենք պետք է միշտ հիշենք, որ մեր անելիքները առողջություն ձևավորելու և առողջություն պահելու մեջ է»,-իրավիճակն է ներկայացնում առողջապահության նախարարը:
Ալյուրը հարստացնելու վերաբերյալ հասարակական իրարամերժ քննարկումները նախագիծը մշակողներին ստիպել են 2015-16 թվականներին հավելյալ հետազոտություններ անել, հետո նոր մտնել օրենքի դաշտ: Արմեն Մուրադյանը վերջերս է վերադարձել Իրանից և տեղեկացնում է, որ այդ երկրում ալյուրի 100 տոկոսանոց հարստացում է արվում: Բացի Իրանից, ալյուրը հարստացնում են աշխարհի 84 երկրում: Նախարարն ասաց նաև, որ այս գործընթացը Հայաստանի համար նորություն չէ:
«Մինչև 94 թվականը Հայաստան եկող ալյուրը Կանադայից էր: Այդ ալյուրի մեջ 97 տոկոսանոց հարստացում կար: Իսկ աղը յոդացնում ենք 2004 թվականից և այս ոլորտում հաջողություններ ունենք: Ասեմ նաև, որ ԵՏՄ երկրներից Ղազախստանում ալյուրը հարստացնում են, այդ ճանապարհով է գնում նաև Ռուսաստանը` 50 տոկոս հավելումներով»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև «Դեղերի մասին» նոր օրենքին` նշելով, որ այն նպատակ ունի միջազգային ձևաչափի բերել դեղերի շրջանառությունը` սկսած արտադրությունից մինչև հիվանդին հասնելը:
«Շուկայի վերաբերյալ միջազգային գնահատականները ստիպում են վերանայել մեր օրենքը: ԵՏՄ երկրներում ուշ թե շուտ ունենալու ենք այդ պահանջը: Արդեն գիտեք, որ Ռուսաստանը քայլեր է կատարում պատշաճ արտադրանքի համապատասխան վկայական ունենալու ուղղությամբ: Մենք չեն կարող հետ մնալ այդ մեծ հնարավորությունից, մաքսային պարտավորություններ չունենալ: Նոր օրենքը մեզ թույլ է տալու անվտանգության և մատչելիության երաշխիքներ ունենալ»,-ներկայացնում է նախարարը:
Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ պետությունը կկանոնակարգի դեղորայքի գները և ավելի կխստացնի ոլորտի վերահսկողությունը։
«Եթե ամբողջ դեղատունը հեղեղված լինի կեղծ կամ ոչ պատշաճ կարգով ներկայացված, չգրանցված կամ այլ տեսակի խախտումներով դեղորայքով, մենք կարող ենք տուգանել մեկ անգամ, շատ նվազ գումարով: Դա խոշոր ներկրող ընկերությունների համար չնչին տուգանք է: Օրինակ`, ներկրողներից մեկը ոչ վայել արտահայտությամբ ասել է`տուգանքը կվճարեմ, բայց նույն կերպ կներկրեմ ու կվաճառեմ: Մենք դրան դեմ ենք և յուրաքանչյուր հատիկի համար տուգանք ենք սահմանելու»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարն ուշադրություն հրավիրեց նաև մի շարք այլ թեմաների վրա: Մասնավորապես, «Stent for life» ծրագրի շնորհիվ սրտամկանի սուր ինֆարկտ ունեցողները կարող են պետպատվերով վիրահատվել: Արդյունքում Հայաստանում սրտանոթային հիվանդությունների մահացության ցուցանիշը նվազել է:
Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշով 3-րդ տեղում գտնվող դիաբետի դեղերին, ապա մատչելի գնով պահանջված դեղամիջոց է ներկրվում: Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես այդ հիվանդությունն ունեցող երեխաներին: Նրանց համար ամենաորակյալ դեղերն են ներմուծվում: Արմեն Մուրադյանի կարծիքով` սա ոչ թե շռայլություն է, այլ անհրաժեշտություն:
ՀԳ. Առողջապահության նախարարի կարծիքով` ամոթ է քննարկել երեխաների պատվաստման հարցը: Սա պարտադիր ու խիստ արդյունավետ միջոց է բարդ հիվանդությունները կանխարգելելու համար:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


