ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը, նշված է Հայաստանի ճանապարհային ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
«Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր, ձեր հարազատների, երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում ընդհանրապես ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց»,- նշված է հայտարարության մեջ:
Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղևորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
«Հարգելի ծնողնե՛ր, տոնական օրերին հատկապես ուշադիր եղեք անչափահասների հանդեպ: Զերծ պահեք նրանց ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից: Աջակցեք ոստիկանությանը երեխաների անվտանգության ապահովման գործում: Համատեղ անենք ամեն ինչ՝ տոնը միջադեպերով ու պատահարներով չմթագնելու համար:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել նաև տոնական հրավառությունների կազմակերպման անվտանգության կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ կառավարության 2012թ.-ի օգոստոսի 9-ի որոշումով թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1-ը, բայց պետք է հիշել, որ շրջապատում ծերեր, հիվանդներ, մանկահասակ երեխաներ կան, անհարկի աղմուկով պետք չէ խախտել նրանց անդորրը և չվտանգել նրանց առողջությունը։
Գրված օրենքներից բացի, կան նաև չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


