ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը հաջորդ տարեսկզբին միանալու է Ձյան համաշխարհային օրվա միջոցառումներին, այս անգամ կազմակերպիչները նպատակ են դրել երեխաներին տանել դեպի ձյուն, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։
Նա խոստացավ, որ հունվարի 17-ին Ծաղկաձորում նշվող Ձյան օրը բոլոր երեխաներին հնարավորություն կտրվի սահել դահուկներով։ Կլինեն նաև հայ մարզիկների ցուցադրական ելույթներ, որոնք դահուկային սպորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու լավագույն ձև են։

Նա նշեց, որ ֆեդերացիայի հիմնական նպատակը խորհրդային տարիների դահուկային լավ ավանդույթները վերականգնելն է։ Առավել ևս, որ Հայաստանում դրա համար բոլոր բնական պայմանները կան, և դա ոչ միայն ֆեդերացիայի, այլև Հայաստան այցելող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի և փորձագետների կարծիքն է։ Եվ մարզիկներն այստեղ ցանկության դեպքում շատ լավ մարզվում ու արդյունքներ են գրանցում։
«Ունենք դահուկավազորդ Սերգեյ Միքայելյան, ով 2015 թվականին Ալմաթիի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում գրավեց 10-րդ տեղը, ինչը լուրջ արդյունք է։ Լեռնադահուկային սպորտում կան տաղանդավոր երիտասարդ մարզիկներ, որոնք հիանալի արդյունքներ կարող են ունենալ, կարող են գրանցել նույն արդյունքները, ինչ մենապայքարային մարզաձևերի մարզիկները»,- ընդգծեց Սարգսյանը։
Սարգսյանը հայտնեց, որ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հայ դահուկորդները մարզվեն ողջ տարին, այլ ոչ միայն ձմռան ամիսներին։ Մասնավորապես, անցկացվում են անվադահուկային մարզաձևի առաջնություններ, Հայաստանին նույնպես տրված է նման վարկանիշային առաջնություններ անցկացնելու արտոնություն, և մարզիկներն այդպես իրենց վարկանիշները հավաքում են անգամ ամռանը։ Այս տարի ամռանը Հայաստանում նման վարկանիշային առաջնություն կանցկացվի։
Գրանցվել են նաև Հայաստանի լեռնադահուկային և դահուկավազքի վազքուղիները, ինչի շնորհիվ մեր երկում վարկանիշային մրցումներ են անցկացվում։
Հայաստանում, օրինակ, հունվարին կանցկացվի զարգացող երկրների դահուկային սպորտի առաջին առաջնությունը։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Տիգրան Միքայելյանն իր հերթին նշեց, որ ձմեռային մարզաձևերը Հայաստանում լավ զարգացած չեն նախ օբյեկտիվ պատճառներով. այստեղ քիչ է տևում ձմեռը, այդուհանդերձ լուրջ քայլեր կան։ Որպես նման օրինակ` նա նշեց Երևանում Գեղասահքի ժամանակակից դպրոցի բացումը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


