ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել` կապված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցի հետ, որը նա տվել էր Վահան Շիրխանյանի ձերբակալության առիթով։
ՀՀ ԱԱԾ-ից նշում են, որ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ:
Այս ձերբակալության, այնուհետև դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների: Հարցը շատ նուրբ համարելով և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը:
«Այս համատեքստում բացառություն է 1-in.am գործակալությանը տրված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»»,- ասված է հայտարարությունում:
ԱԱԾ-ում կարծում են արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա:
«Թերևս, անհրաժեշտ է հիշեցնել Ա.Մանուչարյանին, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ և բոլոր իրավիճակներում՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, և որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չէ իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով: Կարծում ենք, 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուին պետք է հայտնի լինի, որ նման որոշումները չեն կայացվում նպաստավոր կամ անբարենպաստ իրավիճակները, բարեկամական-ընկերական հարաբերությունները հաշվի առնելով, և որ ՀՀ սահմանների անխոցելիությունը կախված չէ, որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարարի անձից»,- նշված է հայտարարությոնում։
Ըստ ԱԱԾ-ի` առավել քան ակնհայտ է, թե Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հանցավոր համագործակցության գործունեությունը ինչ վտանգ էր պարունակում ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության և ՀՀ ներքին կայունության համար, ինչը իր իսկ կողմից մատնանշված «ռազմական գործողությունների» պայմաններում աղետալի հետևանքներ կարող էր ունենալ:
«Հասկանալի է, որ հասարակական բարձր հնչեղություն ունեցող այս դեպքը Աշոտ Մանուչարյանի համար սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, իր մասին հիշեցնելու առիթ է։ Նույնիսկ այս պարագայում, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել առողջ բանականությամբ, քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև «պետական դավաճանություն», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»,- ընդգծել են ԱԱԾ-ից։
Հայտարարության հեղինակները նշել են, որ մեկնաբանությունների և գնահատականների լրջությունն ուղղակիորեն կախված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել այն մասին, ինչից քիչ թե շատ հասկանում է:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան


