Национальный исследовательский центр Курчатовский институт

Հայաստանը «ռադիոակտիվ հեղափոխություն» է նախապատրաստում

519
Հայաստանում ստեղծվել է ռադիոակտիվ արտադրանքի պահպանման բացարձակ նոր մեթոդ։ Հեղինակները պնդում են, որ այն ոչ միայն անվտանգ է, այլև տնտեսապես շահավետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի– Sputnik, Դավիթ Գալստյան. Հայ գիտնականները մշակել են ռադիոակտիվ թափոնների ուտիլիզացման հեղափոխական մեթոդ, որն արժանացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հավանությանը։ Նախագիծը մշակող ընկերության ղեկավար, Հայաստանի վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանի խոսքով` գիտական հետազոտությունների շրջանակում նրանց հաջողվել է ստանալ հատուկ մետաղական օքսիդ, որը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների հետ։

Հայկական ֆենոմեն


«Արդյունքները մենք ուղարկեցինք ՄԱԳԱՏԷ։ Նրանք գրեցին մեզ, որ դա ֆենոմեն է, և եթե մենք կարողանանք հաստատել դինամիկան արդյունաբերական գիտափորձի ընթացքում, ապա դա հայտնագործություն կհամարվի և կարող է օգտագործվել ողջ աշխարհում»,– ասաց Հովսեփյանը։


Նա պատմեց, որ թեև դժվարությամբ, բայց իրենց հաջողվել է իրականացնել այդ գիտափորձը Հայկական ԱԷԿ–ում։ Այդ գիտափորձի արդյունքները նրանք ներկայացրել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում տեղի ունեցած համաժողովում։

Հովսեփյանը նշեց, որ այստեղ ողջ աշխարհից հավաքված մասնագետներին զարմացրել է հայ գիտնականների մշակումը` հատկապես հաշվի առնելով այն, որ թափոններն ավելի անվտանգ են դառնում, քան հաստատված է ՄԱԳԱՏԷ–ի չափանիշներով։

Թափոնների ուտիլիզացիայի նոր մեթոդը

Ի տարբերություն ռադիոակտիվ թափոններից ազատվելու ներկա միջոցի` արկղերում փակել և հողի տակ խորը թաղել, հայ մասնագետներն առաջարկում են մոլեկուլյար մակարդակով վտանգավոր նյութերը վնասազերծելու մեթոդ։

Армянские ученые разработали революционный метод утилизации радиоактивных отходов, получивший одобрение со стороны МАГАТЭ
© Sputnik / Давид Галстян
Հայաստանում ստեղծվել է ռադիոակտիվ արտադրանքի պահպանման բացարձակ նոր մեթոդ


«Մեր մշակած մետաղական փոշին մոլեկուլյար մակարդակով փոխազդեցության մեջ է մտնում թափոնների հետ, որից հետո մածուցիկ նյութ է դառնում։ Այդ նյութը մենք փակում ենք հատուկ տուփում, որը նույնպես արտադրվում է մեր նյութից։ Այդ տուփը կարող եք պահել նույնիսկ տանը, այն անվնաս է»,– ժպիտով ասում է Հովսեփյանը։

Մշակող ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մեջլումյանը հավելեց, որ իրենց նյութը բացարձակ ռադիոակտիվ չէ։ Դա հատուկ մետաղական  փոշի է (այն անվանել են «ֆեմիր»– Sputnik), որը փոխազդեցության մեջ մտնելով ռադիոակտիվ նյութերի մոլեկուլների հետ` նոր մատրիցա է ստեղծում։ Այն այսօրվա դրությամբ ունի առավելագույն պաշտպանություն` վերացնելով վտանգավոր ճառագայթումը։

Ինժեներ–տեխնոլոգ Վռամ Խաչատրյանը մանրամասն պատմեց, թե ինչպես է տեղի ունենում գործընթացը նանո և մոլեկուլյար մակարդակով, բայց չմանրամասնեմ և նշեմ միայն, որ ի տարբերություն նախկին մեթոդների` նոր տեխնոլոգիան չի քայքայում արտաքին տուփը, և ռադիոակտիվ նյութերի «արտահոսքը» բացառվում է։

Արգելք ահաբեկիչների համար

Sputnik Արմենիա պորտալի այն հարցին, թե որքանով է անվտանգ այն նյութը, որը ստացվում է թափոնների և «ֆեմիրի» միաձուլման արդյունքում, Խաչատրյանը նշեց, որ այն կայուն է տեխնածին և բնական աղետների նկատմամբ, մոլեկուլյար կապերը գրեթե անհնար է քայքայել։


«Նույնիսկ ահաբեկիչները չեն կարող ռադիոակտիվ տարրեր ստանալ ստացված նյութից։ Դա ավելի թանկ կլինի, քան սովորական լեռնային արդյունահանումը»,– ասաց Խաչատրյանը։


Մեզ հետաքրքրեց նաև այդ թանկ նյութի գինը։ Մեզ հավաստիացրեցին, որ թափոնների պահպանման առկա տեխոնոլոգիաների համեմատ տվյալ մեթոդն առնվազն երկու–երեք անգամ էժան է։

Հաշվի առնելով ԱԷԿ–երն ակտիվ օգտագործող երկրներում թափոնների ուտիլիզացիայի նկատմամբ հետաքրքրությունը` հարցրեցինք, թե նախատեսու՞մ են արդյոք մշակողները դուրս գալ միջազգային շուկա։ Նրանք դրական պատասխան տվեցին, բայց սկզբում այն կադապտացնեն Հայաստանում։

«Մենք պետք է արտոնագրման գործընթացներ անցնենք` հաստատված ՄԱԳԱՏէ–ի կողմից, ինչը մի քանի ամիս կպահանջի։ Այդ ընթացքում մենք կկարգավորենք մեր նյութի արդյունաբերական օգտագործման գործընթացը, որից հետո կներմուծենք մեր ԱԷԿ»,– ասաց Հովսեփյանը։

Հայաստանն, իհարկե, հարուստ չէ բնական պաշարներով, բայց երկիրն ունի գլխավոր պաշարը` «ուղեղ»։


519