Новый пассажирский авиалайнер Airbus A350 XWB прибыл в московский аэропорт Шереметьево

«էկոնոմ» բյուջե` ճամփորդող պետաշխատողների համար

90
Հայաստանի պետաշխատողները կճամփորդեն ավելի մատչելի գներով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Հայաստանի  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ մշակվել է նախագիծ, որով պետական աշխատողներն այսուհետ պետք է ճանապարհորդեն էկոնոմ դասով:


«Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ առաջարկում ենք հետևյալը. բոլոր աշխատողներն ուղևորվում են էկոնոմ դասի չվերթերով: Պետք է գնվեն ամենաէժան տոմսերը, որոնք չեն ենթադրում վերադարձ կամ ժամկետի փոփոխում: Տոմսի կատեգորիայի փոփոխումը, որպեսզի այն ենթադրի վերադարձ, պետք է արվի միայն հատուկ թույլտվությամբ: Ենթադրաբար փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:


Նախարարների համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:

«Հաջորդ խմբի՝ անվտանգության խորհրդի անդամների համար նախատեսվում են բիզնես դասի տոմսեր: Կմշակվեն լրացուցիչ կանոններ, և աշխատողներն իրավունք կունենան դիմելու իրենց վերադասին այն ժամանակ, երբ միանգամյա թռիչք չէ, այլ տրանզիտ թռիչք է, և օդանավակայանում սպասելու ժամանակը գերազանցում է 5 ժամը: Այդ դեպքում հնարավոր են ալտերնատիվ տարբերակներ»,-նշեց Հարությունյանը:

Sputnik Արմենիան ծանոթացավ «էկոնոմ» և «բիզնես» դասի տոմսերի միջինացված գներին ու պարզեց, որ դրանց միջև սար ու ձորի տարբերություն կա: Հատուկ ուշադրություն է դարձվել ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններին:

Հենց այսօր, օրինակ, Երևան-Մոսկվա-Երևան («Շերեմետևո» օդանավակայան) չվերթի «էկոնոմ» դասի տոմսի գինը 140-210 հազար դրամի սահմաններում է, այնինչ «բիզնես» դասի տոմսերն ավելի քան կրկնակի թանկ են` 499-531 հազար դրամ:


«Երևան-Վիեննա-Երևան առաջիկա չվերթի էկոնոմ դասով մեկնողներին անհրաժեշտ է մոտավորապես 250-410 հազար դրամ, իսկ բիզնես դասով մեկնողներին՝ մինչև 1 միլիոն 37 հազար դրամ»,-ասում է տուրիստական գործակալություններից մեկի աշխատակից Տոման:


Ինչ վերաբերում է դեպի Պրագա մեկնողներին, ապա էկոնոմ դասի տոմսերը գրեթե եռակի էժան են նույն ուղղությամբ բիզնես կարգի տոմսերից:

Բյուջետային ծախսերն այս կերպ կրճատելու հնարավորությունը դեռ պետք է  քննարկեն բոլոր նախարարներն ու իրենց գրավոր կարծիքը ներկայացնեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

90