ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Տավուշի մարզում նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և զարգացման ծրագրերին, ինչպես նաև այնտեղ տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը:
Նախագահին ներկայացրել են «Թումո»-ի Դիլիջանի մասնաճյուղի ընդլայնման նախագիծը, ըստ որի` հաշվի առնելով «Սիմոնյան կրթական հիմնադրամի» անվճար արտադպրոցական այդ ծրագրի կարևորությունը կենտրոն հաճախող Տավուշի մարզի երեխաների համար, որոշվել է «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի առաջին հարկաբաժինը ևս տրամադրել «Թումո» կենտրոնին, իսկ ԿԲ այցելուների կենտրոնն այնտեղից տեղափոխել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տարածք, որտեղ այն կկազմի նոր ստեղծվող ԿԲ թանգարանի մի մասը: Ըստ նախագծի հեղինակների` սա հնարավորություն կտա ընդլայնել «Թումո» կենտրոնի գործունեությունն ու այն հասանելի դարձնել Տավուշի մարզի մի շարք այլ համայնքների երեխաների համար:
Դիլիջանից նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնք, որտեղ ներկա է գտնվել Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով առողջապահության նախարարության և տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում:
Ծրագիրը հովանավորել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Առողջության կենտրոնը ստեղծվել է «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ առողջապահական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով հիվանդանոցային մասնաշենքում:

Արդիականացման գործընթացի շրջանակներում ամբողջովին փոխվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, կառուցվել է նոր կաթսայատուն, մոնտաժվել են համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման և մի շարք այլ աշխատանքներ: Կենտրոնը սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանի շուրջ 13,600 մարդու:
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ զրուցել առողջապահական այդ հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ:
Ճամբարակ համայնքում նախագահը ներկա է գտնվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Այն իրականություն է դարձել ՀԲ աջակցությամբ:
Ծրագիրը մեկնարկել է 2011թ. և կավարտվի 2016թ.: Արոտավայրերի կառավարմանն ու անասնապահության զարգացմանն ուղղված հիմնական նպատակներից բացի, ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցման, անասնաբույժների վերապատրաստման և նրանց անհրաժեշտ գործիքներով ապահովման աշխատանքներին՝ բարելավելու համար մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակն ու կենդանիների առողջությունը, անասնաբույժների և ֆերմերների կարողությունները, խթանելու անասնաբույժ-ֆերմեր համագործակցությունը, ապահովելու որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, ինչպես նաև դասընթացների միջոցով բարձրացնելու իրազեկվածության մակարդակը:
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել և գործում է երկու անասնաբուժական սպասարկման կենտրոն Արագածոտնի մարզի Արտաշավան և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում: Նախատեսված է անասնաբուժական սպասարկման կենտրոններ կառուցել նաև Հանրապետության հինգ այլ մարզերում՝ Արագածոտն, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ: Հաշվի առնելով ոլորտում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ունեցած երկարամյա փորձը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիշյալ կենտրոնների կառավարումն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է այդ հիմնադրամին:
Հանրապետության նախագահին ներկայացրել են, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքներից ու արձանագրված հաջողություններից ելնելով՝ իրականացվում է երկրորդ ծրագիրը, որը մեկնարկել է 2015թ.-ի փետրվարից: Դրա շրջանակներում նախատեսվում է կառուցել ևս 3 կենտրոն Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում: Յուրաքանչյուր մարզում կառուցված կենտրոնը, համագործակցելով 10 և ավելի անասնաբույժների հետ, սպասարկում է ամբողջ մարզի ֆերմերային տնտեսությունները:
Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների հետ դեռևս սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդակցության ժամանակ սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով նախագահը հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. որոշման ցանկում:
Սահմանամերձ Ճամբարակից նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գավառ, որտեղ ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շինարարության ընթացքին: Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թատրոնի շենքը 1950-1960-ական թթ. կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթակա էր քանդման, և նախատեսված է 420 հանդիսատեսի համար 2210 քառ. մետր մակերեսի վրա կառուցել ժամանակակից հարմարություններով թատրոնի շենք: Հանրապետության նախագահը շինհրապարակում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Մի քանի տարի առաջ նախագահի հանձնարարությամբ մեկնարկած այս ծրագիրը ավարտին կհասցվի 2016թ.:
Նախագահը Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև Կարճաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին, տեղում քննարկում ունեցել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող խնդիրների, այդ թվում՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման աշխատանքների վերաբերյալ: Հիշյալ ծրագրի շրջանակներում է, որ Կարճաղբյուրում կառուցվում է ձկնարտադրության համալիրը:
«Սևանի իշխան» ՓԲԸ-ի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին փուլով նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝ տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի կառուցում, տարեկան 6-8 հազար տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում, շուրջ 100 տոննա հզորությամբ ծնողական կազմի տնտեսության կառուցում, տարեկան 600 տոննա արտադրողականությամբ մանրաձկան աճեցման բացօթյա ավազանների կառուցում և տարեկան 1000 տոննա արտադրողականությամբ լճում տեղակայվելիք առաջին մոդելային տնտեսության կառուցում: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումները կազմում են 7.5-8 մլրդ դրամ: Նշված աշխատանքների ավարտմամբ կամփոփվի ծրագրի առաջին փուլը:
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաև 2016 թվականի աշնանից նախատեսվող ծրագրի երկրորդ փուլի մասին, որը կներառի մանրաձկան երկրորդ գործարանի շինարարություն, մանրաձկան մինչև 150 գրամ աճեցման բացօթյա ավազանների շինարարություն, ծնողական կազմի տնտեսության շինարարություն, վերամշակման գործարանի համալրում, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա վերջինիս արտադրողականությունը հասցնել տարեկան 15000 տոննայի և 500 լ/վ նոր ջրաղբյուրի ջրառի և ջրագծի շինարարությունը: 2023-2024 թվականներին նախատեսվում է հասնել ծրագրային 45-50 հազար տոննա ձկան արտադրության:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։


