Ярмарка-дегустация вина в центре Ереване

Երևանը հանգստյան օրերին վերածվել է գինու մայրաքաղաքի

1171
(Թարմացված է 19:50 28.11.2015)
Միջոցառման նպատակը հայրենական արտադրանքը ներկայացնելը, երկրի բնակիչների շրջանում գինի օգտագործելու մշակույթ ձևավորելն է: Միջոցառմանը մասնակցում է 23 ընկերություն, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Զարմացած զբոսաշրջիկներ, գոհ երևանցիներ, զգլխիչ բուրմունք և գինի: Երևանի Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց գինու առաջին տոնավաճառ-համտեսը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ոչ միայն գնել, այլև համտեսել համեղ հայկական գինին:

Միջոցառման նպատակը հայրենական արտադրանքը ներկայացնելը, երկրի բնակիչների շրջանում գինի օգտագործելու մշակույթ ձևավորելն է: Միջոցառմանը մասնակցում է 23 ընկերություն, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը։

Հիասքանչ, որակյալ հայկական գինին վայելելու էին եկել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, այլև պետական գերատեսչությունների, մասնավորապես քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները:


«Ցուցահանդեսը կտևի երկու օր: Նոյեմբերի 28-29-ի տոնավաճառ-համտեսին ներկայացված է հայ գինեգործների արտադրանքի ողջ տեսականին։ Նրանց թվում են  նաև տնային պայմաններում գինի պատրաստող անձինք», —  ասաց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:


Նրա խոսքով` հայկական գինու արտահանման ծավալներն ավելացնելու բոլոր հնարավորությունները կան, հատկապես եթե հաշվի առնենք, որ տարբեր երկրների մասնագետները, գինեգործներն ու սոմելիեները բարձր են գնահատել և գնահատում տեղական ոգելից այս խմիչքը:

Ярмарка-дегустация вина в центре Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Գինու տոնավաճառ-համտես Երևանում


«Հայաստանի գյուղատնտեսության նախարարը փետրվարին կայցելի Հնդկաստան: Այդ երկրում միշտ մեծ է հետաքրքրությունը հայկական գինու և գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ: Մեր պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև գինեգործներ, ովքեր հնդկական կողմին կներկայացնեն մեր արտադրանքը», — ասաց Մակարյանը:


Նա հայտնեց, որ հայկական գինին արտահանվում է հիմնականում Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ:


«Վերջին մեկ տարվա ընթացքում արտահանվել է 1.6 մլն լիտր գինի, մասնավորապես Ռուսաստան և եվրոպական երկրներ: Սակայն այժմ մենք պետք է նոր շուկաներ գտնենք, դիվերսիֆիկացնենք արտահանումը, որպեսզի կախում չունենանք մեկ-երկու շուկայից», — նշեց փոխնախարարը:


Նրա տվյալներով` Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում արտադրվել է 5 մլն լիտր գինի, և ցուցահանդես-համտեսը շատ կարևոր է գինու իրացման, սպառման և Հայաստանում գինու մշակույթի զարգացման համար: Սակայն նմանատիպ նախաձեռնությունները շատ կարևոր են նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

«Այս միջոցառումների հիմնական նպատակը հայրենական արտադրության ապրանքը ներկայացնելն է:  Շատերը արտասահմանյան ապրանք են ընտրում, սակայն մեր նպատակն է խթանել տեղական արտադրանքի առաջխաղացմանը: Թեև  մեր երկրում գինի քիչ են խմում, սակայն գինի օգտագործելու մշակույթը վերջին տարիներին վերածնվել է», — ավելացրեց փոխնախարարը:

Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն իր հերթին նշեց, որ նմանատիպ միջոցառումների անցկացման շնորհիվ հայ ֆերմերներն ու արտադրողները հնարավորություն են ստանում սպառել իրենց արտադրանքը և հասնել կոնկրետ նպատակի, այն է` գումար աշխատել:

Ярмарка-дегустация вина в центре Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Գինու տոնավաճառ-համտես Երևանում


Իրենք` արտադրողները, նշում են, որ բախվում են իրացման խնդրի հետ, որը պայմանավորված է Հայաստանի տնտեսական բարդ իրավիճակով: Տոնավաճառ-համտեսին ներկա էին նաև խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ովքեր գինի են արտահանում Ռուսաստան:

«Մեր արտադրանքի 99%-ն արտահանվում է ռուսական շուկա, հիմա փորձում ենք արտահանել նաև Կանադա, ինչպես նաև գրավել եվրոպական շուկան: Հուսով ենք, որ շուտով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական վիճակը կբարելավվի, և մենք  կկարողանանք ավելի մեծ ծավալներով գինի արտահանել», — ասաց Լևոն Նուրազյանը:

Արտասովոր բույրով և յուրահատուկ համով տարբերվում է տնական գինին, որը դժվար է արտահանել, սակայն զբոսաշրջիկները սիրում են համտեսել տնական գինին, որի միջոցով բացահայտվում է երկրի ողջ կոլորիտը:


«Տնական գինին տարբերվում է գործարանայինից. երկրորդ դեպքում ըմպելիքը մանրակրկիտ մշակվում է: Երբեմն «քիմիա» է օգտագործվում, որպեսզի գինին երկար մնա ու չփչանա: Սակայն ամեն դեպքում մեր գինին լավն է ու մաքուր», — ասաց Արենի գյուղի բնակիչ Խաչիկ Պետրոսյանը, ով տնական գինի է պատրաստում:


Այս տարի նա արդեն 3 տոննա գինի է արտադրել:

«Մենք ինքներս ենք խաղողը հավաքում, իսկ հետո գինի պատրաստում: Նման միջոցառումները շատ կարևոր են: Մարդիկ շփվում են և իմանում են մեր գինու մասին», — ավելացրեց Պետրոսյանը:

Տոնավաճառ-համտեսը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանն ու գյուղատնտեսության նախարարությունը համագործակցության հուշագրի շրջանակում:

Պետական երկու գերատեսչությունների համագործակցությունը սկսվել է 2011 թվականին, երբ Երևանում սկսեցին գործել գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառները: Առաջին փորձը բավականին հաջող էր, և նրանք որոշեցին շարունակել համագործակցությունը:

Գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ որոշում էր կայացվել շարունակել այդ ավանդույթը` տեղական արտադրողների, վերամշակող արդյունաբերության արտադրանքը ներկայացնելով հասարակությանը տոնավաճառների, ցուցահանդեսների և համտեսների միջոցով:

1171
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

«Մեռած ենք, թաղած չենք». գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

2
(Թարմացված է 18:14 03.03.2021)
Ադրբեջանում հայտնված գերիների ծնողները վրդովված են, ասացին, որ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:

Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:

Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:

«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։

2
թեգերը:
ծնող, Գյումրի, Շիրակի մարզ, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

13
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

13
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան