Эчмиадзинский монастырь

Սուրբ Գեղարդը կմաքրի հավատացյալների մեղքերը

66
(Թարմացված է 17:47 27.11.2015)
Հավատավոր մարդիկ կկարողանան ձեռք տալ, համբուրել կամ ուղղակի առնչակցվել Սուրբ Գեղարդին, այն բուժում է ոչ միայն հոգին, այլև՝ մարմինը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Համաքրիստոնեական հայտնի սրբությունը` աստվածամուխ Սուրբ Գեղարդը, կցուցադրվի Ս. Էջմիածնի Մայր տաճարում, ուրբաթ լրագրողներին ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Նրա խոսքով` Գեղարդը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրների զբոսաշրջիկների, հատկապես ռուսաստանցի ուխտավորների շրջանում։


«Հայոց եկեղեցու հիմնադիրներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը` նոյեմբերի 28-ին, Սուրբ Գեղարդը գանձարանից կտեղափոխվի տաճար, որպեսզի հավատավոր մարդիկ կարողանան ձեռք տալ, համբուրել կամ ուղղակի առնչակցվել Սուրբ Գեղարդին»,- ասաց քահանան։


Հոգևորականն ավելացրեց, որ Գեղարդն առաջին դարի կեսերին Հայաստան է բերել Սուրբ Թադեոս առաքյալը, որը Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրն է: Առաջին դարից Գեղարդը պահվել է Արևմտյան Հայաստանում՝ Վասպուրական աշխարհի Արտազ գավառում: Դրանից հետո 12-րդ դարից պահվել է Այրիվանքում՝ ներկայիս Գեղարդավանքում, 1786 թվականից այն գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։


«Սուրբ գեղարդը համաքրիստոնեական սրբություն է, որն առաջին դարից պահվում է Հայ առաքելական եկեղեցում։ Այդ սրբությունը հրաշագործությունների աղբյուր է, այն բուժում է ոչ միայն հոգին, այլև՝ մարմինը»,- ասաց Կարապետյանը։


Դեռևս անցյալ տարի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կոնդակով Հայոց եկեղեցու հիմնադիրներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

66