Пресс-конференция директора представительства Гэллап Интернейшнл в Армении Арама Навасардяна, который представил итоги опросов среди граждан Армении на тему Российские авиаудары по Сирии

Հայերի մեծամասնությունն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին

18
(Թարմացված է 16:07 27.11.2015)
Հայաստանի քաղաքացիների 11%–ը հնարավոր է համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի օգտագործումը Սիրիայում հարվածների համար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի– Sputnik. Հայաստանի բնակիչների ավելի քան 65 տոկոսն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությանը, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայաստանում Gallup International–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով կազմակերպության անցկացրած հարցախույզի արդյունքները։

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 23-31–ը Հայաստանի ողջ տարածքում 1104 մարդու շրջանում։


«Սիրիայում ռուսական ՌՏՈՒ հարվածները բացարձակ դրական է գնահատել հարցվածների 39 տոկոսը, ավելի շուտ դրական, քան բացասական` 27 տոկոսը։ 14 տոկոսն ավելի շուտ բացասական է արտահայտվել, քան դրական, իսկ 8 տոկոսը` բացարձակ բացասական։ Այսպիսով` 66 տոկոսը Ռուսաստանի գործողություններին դրական է վերաբերվում»,– ասաց Նավասարդյանը։


Այն հարցին, թե ով է մեղավոր Սիրիայում ստեղծված իրավիճակի համար, հարցվածների 52 տոկոսը նշել է ԱՄՆ–ն, 23 տոկոսը` ահաբեկչական խմբավորումները, 15 տոկոսը` Թուրքիան։ 15 տոկոսն ամեն ինչում մեղադրում է սիրիական իշխանություններին` Բաշար Ասադի գլխավորությամբ, 8 տոկոսը` սիրիական ընդդիմությանը, 6 տոկոսը` Ռուսաստանին, 5 տոկոսը` եվրոպական երկրներին, իսկ 3 տոկոսը` Սաուդյան Արաբիային։

Նրա խոսքով` այն հարցին, թե նպաստու՞մ են արդյոք Ռուսաստանի գործողությունները Սիրիայում քառամյա պատերազմի ավարտին, հարցվածների 59 տոկոսը նույնպես դրական է պատասխանել։

Հաջորդն այն հարցն էր, թե որն է Սիրիայում Ռուսաստանի գործողությունների հիմնական նպատակը, որին հարցվածների 39 տոկոսը պատասխանել է. «Արևելքում Ռուսաստանի դերի մեծացումը», 21 տոկոսը` «ԱՄՆ դերի նվազումը», ևս 21 տոկոսը` «ԱՄՆ–ի և Ռուսաստանի ուժերի հավասարակշռումը»։ «Հարցվածների 14 տոկոսը պատասխանել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել Բաշար Ասադի իշխանությունը, իսկ հարցվածների 12 տոկոսը նշել է, որ ՌԴ–ն փորձում է հարաբերությունները կարգավորել Արևմուտքի հետ»,– ասաց Նավասարդյանը։

Հարց է եղել նաև այն մասին, թե ինչպես կազդեն Սիրիայում Ռուսաստանի հարվածները Հայաստանի անվտանգության վրա։ Նրա խոսքով` հարցվածների 55 տոկոսը ոչ մի կապ չի տեսել Հայաստանի հետ, 17 տոկոսը նշել է, որ Սիրիայում հայկական համայնքը կհայտնվի ահաբեկիչների գործողությունների կիզակետում, 11 տոկոսը հնարավոր է համարել Հայաստանում ռուսական ռազմակայանի օգտագործումը Սիրիայում հարվածների համար։ Եվս 8 տոկոսը նշել է, որ Հայաստանը կարող է թիրախ դառնալ ահաբեկչությունների համար։

Նավասարդյանը հիշեցրեց, որ հարցախույզի տվյալները հաշվի չեն առնում վերջին իրադարձությունները` կապված Թուրքիայի կողմից կործանված Սու-24 ռուսական ինքնաթիռի հետ, քանի որ այն անցկացվել է հոկտեմբերին։

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին` օգտագործելով Սու-25, Սու-24Մ, Սու-34 ռմբարկուներ։ Նոյեմբերի կեսին գործարկվել է նաև ռուսական ռազմավարական ավիացիան` Տու-160, Տու-95ՄՍ և Տու-22ՄԶ ինքնաթիռները։

18