Круговая панорама на ВВЦ, кинопленка

Թբիլիսիի կինոֆորումին Հայաստանը ներկայացրել է «1915-2015» ծրագիրը

305
(Թարմացված է 10:04 05.11.2015)
«Ամիրանի» կինոթատրոնում կայանալիք կինոֆորումին կներկայացվի Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և այլ երկրների ռեժիսորների ավելի քան 30 ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 4-8-ն անցկացվող Թբիլիսիի բաց ֆորումը (ТОFF) կմեկնարկի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» (Ֆրանսիա, Գերմանիա) վերջին ժապավենով, հայտնում է Sputnik Գրուզիան։

«Ամիրանի» կինոթատրոնում կայանալիք կինոֆորումին կներկայացվի Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և այլ երկրների ռեժիսորների ավելի քան 30 ֆիլմ։

Կինոփառատոնի ծրագիրը ներառում է «Վրացական կինոհամայնապատկեր» բաժինը, վավերագրական ֆիլմերի ծրագիր, ինչպես նաև «Ուկրաինան` ֆոկուսի մեջ» ֆիլմով «Ազգային ռետրոսպեկտիվան»։

Ինչպես հայտնում են կինոփառատոնի կազմակերպիիչները, Հայաստանը կներկայացնի «1915-2015» ծրագիրը` 4 ֆիլմով։


«1915 թվականի սահմռկեցուցիչ դեպքերից հետո Թուրքիայից հազարավոր հայ ընտանիքներ տեղափոխվեցին Վրաստան։ Փրկության ճանապարհը հայերին ցաքուցրիվ արեց աշխարհի տարբեր երկրներ, որտեղ նրանք բնակություն հաստատեցին և կառուցեցին իրենց նոր կյանքը։ TOFF «1915-2015» ծրագրում  այնպիսի ֆիլմեր են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է պատմություններ փրկության և կորստի մասին»,- նշել են կազմակերպիչները։


«1915-2015» ծրագրում ներառված են Սերժ Ավեդիկյանի «Շների կղզին», Արա Երնջակյանի «Խավարում» և Էրիկ Նազարյանի «Բոլիս» ժապավենները։ Ծրագրի հիմնական ֆիլմը հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմն է։

Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն նաև քննարկումներ, ինտերակտիվ հանդիպումներ և վարպետության դասեր ուսանողների համար։


Միջոցառման հյուրերը կկարողանան տեսնել կինեմատոգրաֆի այնպիսի նորություններ, ինչպիսիք են Փիթեր Գրինուեի «Էյզենշտեյնը Գուանահուատոյում», Ֆաթիհ Աքինի «Սպի», Դենիս Համզե Էրգյուվենի «Մուսթանգ» և այլ ֆիլմեր։


Թբիլիսիի բաց կինոֆորումի կազմակերպիչներն են միջմշակութային երկխոսության և արվեստի միջազգային հիմնադրամը (Վրաստան) և «Կինոպրոցես» պրոդյուսերական կենտրոնը (Ռուսաստան)։

305