Заседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС)

ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

186
(Թարմացված է 16:31 03.11.2015)
ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:

Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ Հանրապետության նախագահն իրավասու իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ նախաձեռնել անհրաժեշտ իրավական ընթացակարգեր՝ իրենց իրավասության շրջանակներում վթարին առնչվող հանգամանքները պարզելու համար՝ ապահովելով Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը:

Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաև կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով:

186