Վառելափայտ

Հնարամիտ գյուղացին գտել է տունը տաքացնելու անվճար ելքը

1890
(Թարմացված է 16:18 21.10.2015)
Գյուղերում հաշվարկել են, թե քանի անասուն ունենալու դեպքում է հնարավոր ամբողջ ձմեռ աթարով տաքացնել տունը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գազի սակագնի թանկացումից հետո հայաստանյան լեռնային շրջանների, հատկապես գյուղական համայնքների բնակիչները հրաժարվեցին բնակարանները գազով տաքացնելու բարի ավանդույթից և սկսեցին ջեռուցումն իրականացնել փայտի միջոցով:

Ստեղծված իրավիճակում հատկապես շահեկան դիրքում հայտնվեցին այն գյուղացիական տնտեսությունները, որոնք զբաղվում են անասնապահությամբ:

Գյուղերում նույնիսկ հաշվարկված է, թե քանի անասուն ունենալու դեպքում է հնարավոր ամբողջ ձմեռ աթարով տաքացնել տունը: Ամասիայի տարածաշրջանում ապրող 60-ամյա Գուրգեն Բաղդասարյանին բնավ չի էլ հետաքրքրում` գազի սակագինը կբարձրանա, թե կնվազի, քանի որ տունը տաքացնում է աթարով, բայց` իր ստեղծած գյուտով:

Груды помета
Gorispress
Աթարի դեզեր

«Աղջիկ ջան, մենք կտրականապես հրաժարվել ենք գազից ու փետից և աթար ենք վառում, գազը տաքություն չի տալիս, փետը թանկ է, իսկ աթարը մեր կովերինն է ու շատ էժան վառելիք է»,- պարզաբանում է նա: Գուրգեն Բաղդասարյանն աթար վառում է ոչ թե սովորական վառարանում, այլ` ջեռուցման կաթսայում. ժողովրդի ասած՝ BAXI-ին միացրած համակարգ է ստեղծել:

Պատմեմ ըստ հերթականության: Գյուղամիջում զրուցում էի գյուղացիների հետ, հարցուփորձ անում նրանց ապրելակերպից ու խնդիրներից:

«Ի՜նչ ասեմ, ի՞նչ կյանքով ենք ապրում, որ ասեմ: Հեսա էլի ընտրությունները կսկսվի, կհագնեն, կկապեն, ժողովրդին կասեն` գնացեք հրապարակ ու գոռացեք «այո »: Թող գան, մի օր գյուղացու հետ հանդիպեն ոչ թե հրապարակում, այլ հենց հողի մոտ ու տեսնեն, թե  գյուղացին ոնց է ցեխոտ կալոշներով հողի մեջ արևի ու անձրևի հետ կռիվ տալով աշխատում ու հալի չի գալիս»,- հարցս լսելուն պես բորբոքված սկսեց խոսել Ամասիայի բնակիչ Գառնիկ Աբրահամյանը:

Այդ պահին Ամասիա հյուր եկած զարիշատցի Վարդգես Ավագյանն էլ մեզ տեսնելուն պես սկսեց խոսել իր խնդիրներից:

«Ապրում եմ Զարիշատ գյուղում: Ես նորածին երեխան ունեմ: Ամեն օր ինձ զանգում, ասում են` երեխուն բերեք պատվաստման: Ասում եմ՝ այ քուր ջան, ես 6000 դրամ տաքսուն պիտի տամ, գամ Ամասիա, պատվաստեմ, նորից 6000 դրամ տամ, հետ դառնամ: Դուք եկեք: Ոչ մի արձագանք: Մի հատ ավտոբուս չկա, որ մենք գյուղից հասնենք շրջան»: Եվ զրուցակիցս, բորոբոքված դիմելով ինձ, ասաց. «Այ նման հարցեր բարձրացրեք, որ ստեղ էլ մարդ կա ու կյանք կա: Թե չէ մենակ ընտրություներին են գալիս, սիրուն մաքուր տեղ կանգնում ու խոսում»:

 

Լսելով գյուղացիների բողոքները` ես և Գուրգեն պապիկը վերադարձանք իրենց տուն: Շատ էի ուզում տեսնել, թե BAXI-ին ինչպես կարող են տաքացնել ոչ թե գազով, այլ աթարով:

«Տեսնո՞ւմ ես` BAXI-ին կախված է, գծերից մեկի վրա նասոս եմ դրել, վառարանի մեջ՝ մետաղական խողովակներ, որոնք միանում են այն խողովակին, որի վրա նասոսն է դրված: Վառարանը վառում եմ, ջուրը որ տաքանում է, սովորաբար բարձրանում է վերև, իսկ նասոսի դեպքում էլ ջուրը անընդհատ պտտվում է, մտնում է համակարգ, գալիս է վառարան, արագ տաքանում ու դուրս գալիս: Երբ ջրի ջերմաստիճանը հասնում է 40-ի, ջուրը սկսում է խողովակով շարժվել վերև ու տարածվել ամբողջ համակարգով»,- բացատրում է ֆիզիկայի կանոններից գլուխ հանող գյուղացին:

Գուրգեն պապը, տեսնելով որ ես դարձյալ չեմ հասկանում, թե դա ինչպես է կատարվում, կարճ ու կոնկրետ ասում է.

«Աղջիկ ջան այդ սիստեմը նմանեցրել եմ սովետի ժամանակների կատելնիներին, ուղղակի վառում եմ աթարով»:

Գուրգենի կինը մեզ հետ զրույցում նշում է, որ նախկինում գազով տաքացնելու դեպքում ամիսը վճարում էին 100-120 հազար դրամ, բայց ամուսնու գյուտից հետո շատ չնչին գումար են տրամադրում ջեռուցման համար:

Печь в сельском доме в Тавушской области
Aysor
Վառարան Տավուշի մարզի գյուղական տներից մեկում

«Ամասիայում սեփական տունը գազով տաքացնելը հավասարազոր է չտաքացնելուն, հատկապես այն դեպքում, երբ մեզ մոտ ձմեռը տևում է 8 ամիս»,-ասում է Գուրգենի կինն ու հպարտ հայացքով նայում գյուտարար ամուսնու դեմքին:

Գուրգեն պապը մեր ողջ զրույցի ընթացքում բացատրում էր տաքացման պրոցեսը՝ նշելով, որ ամռանը վառարանի մեջ տեղադրված փականը փակում են ու արդեն գազով են սկսում աշխատեցնել:

«Այսինքն, երբ պետք է լինում աթարով եմ վառում, երբ պետք է լինում` գազով»,- եզրափակում է Գուրգեն պապը:

Արմենուհի Գրիգորյան

1890