кадр из фильма Парфюмер

Քրիստինե Պեպելյան. հանուն արվեստի կարելի է զոհել միայն սեփական անձը

308
(Թարմացված է 17:49 12.10.2015)
Մարդը կարող է հանուն արվեստի զոհել միայն սեփական անձը, կարծում է հայտնի հայ երգչուհի Քրիստինե Պեպելյանը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Արվեստը զոհեր է պահանջում, բայց մարդը հանուն արվեստի կարող է զոհել միայն սեփական անձը, Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպի քննարկման ժամանակ ասել է հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Գերմանացի դրամատուրգ և արձակագիր Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» (գերմ.՝ Das Parfum) վեպն այսօր Ռեմարկի ժամանակներից ի վեր գերմաներեն գրված ամենահայտնի վեպն է համարվում: Գիրքը հրատարակվել է բազմաթիվ անգամ, ընդհանուր տպաքանակը գերազանցել է 12 միլիոնը: Թարգմանվել է 42 լեզվով, ներառյալ՝ լատիներեն:

Զյուսքինդը պատմում է մի մարդու մասին, որի «հանճարն ու աննախադեպ փառասիրությունը սահմանափակվել են պատմության մեջ հետք չթողնող ոլորտով` հոտերի ցնդող թագավորությամբ»: Նա սպանում էր գեղեցիկ կանանց «սիրո» աներևակայելի «բույր» ստեղծելու համար:

«Հաշվի առնելով Գրենույի կյանքի հանգամանքները` մարդիկ կարող էին նրան հրեշ անվանել: Ինձ էլ է թվում, որ ինչ-որ հրեշային բան կա նրա մեջ»,- ասել է Պեպելյանը:

Ընդհանուր առմամբ, նա խոստովանել է, որ դժվար է ընթերցել գիրքը, քանի որ իր միջով է անցկացրել ամբողջ սյուժեն:

Ըստ նրա, գլխավոր հերոսի բացառիկ պարգևը նրան ոչինչ չտվեց: Պեպելյանը համարում է, որ վեպի հանգուցալուծումը այնքան էլ հաջողված չէ:

«Գրենույը սիրո կարիք ուներ, որից զրկված էր ծննդյան պահից: Նա ինքնահաստատվելու կարիք ուներ, ուզում էր զգալ սեփական նշանակությունը»,- ասել է Պեպելյանը:

Երգչուհին ցանկանում է հավատալ, որ վեպի ուղերձն այն է, թե յուրաքանչյուր մարդ այս աշխարհ է գալիս որոշակի առաքելությամբ:

«Կարևոր է, որ այդ առաքելությունը կատարվի»,- ավելացրել է նա:

Պեպելյանը պատմել է նաև, որ անձամբ ինքը շատ զգայուն է հոտերի նկատմամբ:

«Երեկոյան, երբ տուն եմ վերադառնում, ես հոտով կարող եմ իմանալ, թե մեզ ով է հյուր եկել: Բոլոր ընկերներիս կարող եմ ճանաչել հոտով»,- ասել է Պեպելյանը:

Գրքի քննարկումն անցկացվել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը: Միջոցառմանը նպատակը երիտասարդների շրջանում ընթերցանություն քարոզելն է:

308