Министерство обороны Армении

Հայկական բանակը կօգտագործի հրետանի և հրթիռներ` բանակցային գործընթացին աջակցելու նպատակով

2118
(Թարմացված է 17:45 12.10.2015)
ՀՀ ՊՆ–ն հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

«Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջազգային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների», – նշում է պաշտպանական գերատեսչությունը։

ՀՀ ՊՆ–ն հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են։ «Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը», – նշվում է հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է  122 մմ Դ-30 (30 արկ)  հաուբից հրանոթ:

Ընդհանուր առմամբ, ուրբաթ երեկոյան հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը մոտ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ), 82 (28 արկ), և 120մմ (2 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (1 արկ) և ՀԱՆ-17 (30 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

2118