Дети на площади Республики Армения с флагом Армении

Կիրո Մանոյան. առանց անկախ պետականության հայության գոյատևման հարցը կդրվեր հարցականի տակ

672
Դաշնակցական գործիչն ընդունում է, որ երկրի ներսում կան շատ խնդիրներ, բայց միաժամանակ կարծում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Աստված մի արասցե, եթե  չունենայինք անկախ պետականություն. այդ դեպքում, իսկապես, հայության գոյատևման հարցը կդրվեր հարցականի տակ, «Sputnik-Արմենիա»  ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ խոսելով 24-ամյա անկախության ձեռքբերումների և կորուստների մասին:

Կիրո Մանոյանն անկախության ձեռքբերումներից առաջնահերթ առանձնացնում է հայկական բանակը և զինված ուժերի ձեռքբերումները:

«1918-1920 թվականներից ի վեր առաջին անգամն էր, որ կարողացանք հայկական հող ազատագրել: Դա եղավ նաև համախմբման շնորհիվ: Սա իսկապես մեծ նվաճում է: Այս տարիներին ժողովուրդը ոչ միայն ձեռք բերեց, այլ նաև ցույց տվեց այն կյանքի փորձով կուտակված իմաստությունը», — ընդգծել է բանախոսը:

Դաշնակցական գործիչն ընդունում է, որ երկրի ներսում կան շատ խնդիրներ, բայց միաժամանակ կարծում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք:

«Դաշնակցության համար Հայաստանի անկախությունը մշտապես եղել է ծրագրային նպատակ, խնդիրը՝ քաղաքական պահի հարցն էր», — հիշեցնում է նա:

Ազգային ազատագրական պայքարի պոռթկումը, որը սկիզբ դրվեց 1988 թվականի փետրվարին, սփյուռքի համար փրկություն էր: Մանոյանի խոսքով՝ այդ պոռթկումն այն համախմբող, միացնող կետն էր, որը բացակայում էր մինչ այդ:

«Այսինքն, մինչև այդ Խորհրդային Հայաստանը եղել է պատճառ, առիթ, պատրվակ՝ սփյուռքն ինչ-որ չափով պառակտելու հարցում, պաշտոնական Երևանը սփյուռքին նայում էր այլ մոտեցմամբ: Ճիշտ է, վերջին տարիներին արդեն ինչ-որ բան փոխվել էր, բայց, իրավիճակը, ընդհանուր առմամբ, այդպիսինն էր: Հետևաբար՝ ժողովրդական այդ պոռթկումը մեծ խանդավառություն առաջացրեց դրսում», — ասել է ՀՅԴ բյուրոյի անդամը՝ նշելով, որ հանրաքվեի օրը եղել է Կանադայում:

Ի՞նչն էր ճիշտ և ի՞նչը սխալ անկախության գրեթե քառորդ դարի պատմության մեջ: Հարցադրմանն ի պատասխան՝ Կիրո Մանոյանն ընդգծում է՝ բնականաբար, և՛ այն ժամանակ, և՛ հիմա կան բաներ, որոնք կարելի էր այլ կերպ անել:

«Օրինակ՝ Անկախության մասին հռչակագիրը իսկապես համահայկական հանձնառություն ստանձնող պետական կառույցի հռչակագիր է, բայց այն քաղաքական ուժը, որ իշխանության գլուխ էր եկել այդ հռչակագրից ընդամենը մի քանի ամիս առաջ, չուներ այդ տեսլականը», —նկատել է նա:

Անկախ պետության կառուցման հիմքում դրված սխալներից դաշնակցական գործիչը հիշում է նաև գաղափարական այն մոտեցումը, ըստ որի` Հայաստանը համայն հայության հայրենիքը չէ, առաջին նախագահի վարչակարգի՝ Թուրքիայի հետ ինչ-ինչ նոր քայլեր ձեռնարկելը, Արցախի հարցում ունեցած դիրքորոշումը, ինչը, ի վերջո, բերեց նրա հրաժարականին:

«Հիմա էլ կարելի է շատ բաներ այլ կերպ անել, և Հայաստանի Հանրապետությունը, իսկապես, վերածել այն պետության, որի գոյությամբ կհպարտանա ոչ միայն Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի, այլ նաև համայն հայության համար այն կլինի հպարտության աղբյուր», — նշել է ՀՅԴ բյուրոյի անդամը:

Հայաստանում սեպտեմբերի 21-ին տոնվեց Անկախության օրը, այն երկրի պետական տոներից կարևորագույնն է: Հենց այս օրը 1991 թվականին Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Միության կազմից, որի կազմում էր 1920 թվականից, դուրս գալու համար։

Այդ օրը Գերագույն Խորհրդի որոշմամբ` անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

672