Барак Обама

Բարաք Օբաման ՀՀ նախագահին և Հայաստանի ժողովրդին մաղթել է ամենայն բարիք և հաջող գալիք տարի

226
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Հայաստանի նախագահին անկախության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Օբամայի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Նախագահ, Ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները»,- ասվում է Օբամայի ուղերձում:

Նա ընդգծել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է, որի հետ ամերիկացիները կիսում են դինամիկ և ընդլայնվող օրակարգ: «Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը: Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում»,- նշվում է Բարաք Օբամայի ուղերձում:

Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորանքներ են հղել նաև Ալժիրի նախագահ Աբդելիազ Բութեֆլիկան, Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սինգապուրի նախագահ Թոնի Տան Կենք Յամը, Իրաքի նախագահ Մուհամադ Ֆուադ Մաասումը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը: Հենց այս օրը 1991 թվականին Հայաստանի ժողովուրդը, համաժողովրդական հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Միության կազմից, որի կազմում էր 1920 թվականից, դուրս գալու համար։


226