министр обороны Армении Сейран Оганян в Армянском экономическом университете

Օհանյան. ՀԱՊԿ–ի արձագանքն անհրաժեշտ է միայն Հայաստանի անվտանգության սպառնալիքի դեպքում

150
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` հայ ժողովուրդը հանգիստ է արձագանքում իրավիճակին, չնայած, իհարկե, ցանկանում է տեսնել գնդակոծությունների նկատմամբ միջազգային հանրության արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. ՀԱՊԿ–ը պետք է գործի միայն Հայաստանի անվտանգության համակարգի ամբողջականության խախտման դեպքում, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով լրագրողների հարցին, որը վերաբերում էր ադրբեջանական գնդակոծությունների նկատմամբ կազմակերպության արձագանքին։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կանոնավոր կերպով գնդակոծում է սահմանի վրա գտնվող Տավուշի մարզի գյուղերը և շարունակում խախտել հրադադարի ռեժիմը ԼՂՀ–ի շփման գծում։ Այս սադրանքների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«ՀԱՊԿ–ի գագաթնաժողովի ժամանակ մեր նախագահի կողմից բարձրաձայնած հարցերը պարբերաբար հնչում են մեր հասարակության ներկայացուցիչների կողմից։ Սրանք լոկալ բնույթ կրող խնդիրներ են։ Մեղավորները մեր հարևաններն են, որոնք պատասխան կստանան տեղում», – ասաց Օհանյանը։

Դուշանբեում սեպտեմբերի 14–15–ն անցկացված ՀԱՊԿ–ի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերը միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության դեպքում կարող են հանգեցնել տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմանը։

«ՀԱՊԿ–ն անվտանգության հարցեր է լուծում։ Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները զգալի դերակատարություն են ունեցել կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման գործում։ Այն առաջնահերթությունները, որոնք մենք իրականացնելու ենք ՀԱՊԿ–ում նախագահության շրջանակում, կվերաբերեն հենց ռազմական բաղադրիչի զարգացմանը», – ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` հայ ժողովուրդն, իհարկե, ցանկանում է, որպեսզի գնդակոծությունների նկատմամբ արձագանքեն միջազգային մակարդակով, սակայն նա իրավիճակին հանգիստ է վերաբերվում։

«Կազմակերպությունը պետք է միջոցներ ձեռնարկի նման գլոբալ խնդիրների դեպքում, եթե խախտվի Հայաստանի անվտանգության համակարգի ամբողջականությունը։ Այս պահին ՀՀ ԶՈւ–ն կարող է ինքնուրույն կատարել իր առջև դրված խնդիրները», – ասաց Օհանյանը։

Նախարարը նշեց, որ սահմանի լարվածությունը, նախորդ տարվա համեմատ, մնում է, սակայն եթե իրավիճակը համեմատենք նախորդ ամիսների հետ, ապա գնդակոծությունների թիվը նվազել է։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

150