Пресс-конференция на тему Новый проект по обмену искусствоведов

Հայաստանը, Գերմանիան և Շվեյցարիան կփոխանակվեն արվեստագետներով

79
Ծրագրի մասնակից հայ գծանկարիչը հնարավորություն կստանա վեց ամիսների ընթացքում ապրել և ստեղծագործել Ֆրայբուրգում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի, Գերմանիայի և Շվեյցարիայի միջև արվեստագետների փոխանակման նոր ծրագիրը մեկնարկելու է 2016 թվականի հունվարին, հայտնել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

«Նմանատիպ ծրագրերը լայն կիրառություն ունեն այլ երկրների միջև։ Ուրախալի է, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ստացավ մասնակցելու դրանց։ Այդ ծրագրի առաջին մասնակից` հայ գծանկարիչ Արման Վահանյանը ապրելու և ստեղծագործելու է Ֆրայբուրգում վեց ամիսների ընթացքում», –Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում շաբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, ծրագրի նպատակը հայ արվեստագետներին Հայաստանից դուրս աշխատելու, իրենց արվեստին այլ տեսանկյունից նայելու համար հնարավորություն ընձեռնելն է։

«Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս արվեստի հայ սիրահարներին ծանոթանալ արտասահմանից հրավիրված արվետսագետների աշխատանքներին։ Մեր երկիրն ավելի ճանաչելի է դառնում աշխարհում», – ասաց Հարությունյանը։

Նա հույս ունի, որ ծրագիրը երկարատև բնույթ կկրի և նրա շրջանակներում երկրներն  ամեն տարի կփոխանակվեն երկու արվեստագետներով։ Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են ամեն տարի իրենց երկրում անցկացվող մրցույթի արդյունքներով։

Հուլիսին Հայաստան կայցելի նկարիչ Սիլաս Հայմանը Շվեյցարիայից։

«Ժամանակակից արվեստը միավորում և նպաստում է մշակութային երկխոսության», – կարծում է Հարությունյանը։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Հասերը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերը, իրենց հերթին, բավարարվածություն հայտնեցին նոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ։

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում Շվեյցարիայի և Գերմանիայի դեսպանատների աջակցությամբ` նպատակ ունենալով Երևանի, Բազելի և Ֆրայբուրգի միջև զարգացնել միջմշակութային կապերը և ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել հիշատակած քաղաքների արվեստագետների շփման համար։

79