Проститутки, проституция,

Հայ մարմնավաճառները մասնակցել են ավազակային հարձակմանը

1280
(Թարմացված է 21:33 19.09.2015)
Երևանի Խորենացի փողոցում օրեր առաջ երկու մարմնավաճառների և նրանց ընկերների մասնակցությամբ ավազակային հարձակում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Օրեր առաջ Երևանի Խորենացի փողոցում ավազակային հարձակում է գրանցվել երկու մարմնավաճառների և նրանց ընկերների մասնակցությամբ: Այդ մասին ոստիկանության կենտրոնական բաժին հաղորդում է տվել Իրանի իսլամական հանրապետության մի քաղաքացի:

Իրանցին հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակից ընկերներով երկու աղջիկների հետ գնացել են Խորենացի փողոցում վարձակալած իր բնակարանը, քիչ անց աղջիկներին ծանոթ երեք անձինք մտել են տուն, ատրճանակով սպառնացել, իրենից ու իր ընկերներից հափշտակել են 350 ԱՄՆ դոլար, ձեռքի ժամացույց, բջջային հեռախոս և ոսկյա շղթա, որից հետո խմբով հեռացել են:

Նշված անձանց արտաքին նկարագիրը ճշտելուց հետո քրեական հետախույզները սկսել են որոնողական աշխատանքը։ «Նախ ճշտեցինք այն մարմնավաճառների հավանական շրջանակը, ովքեր կարող էին այդ օրը լինել Հանրապետության հրապարակում։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը կարող էին կատարել Բյուրեղավանի բնակիչ Սուսաննա Սարգսյանը և Երևանի բնակիչ Մարիամ Աբրահամյանը, ինչպես նաև վերջինիս ընկեր Հայկ Հարությունյանը»,– հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել վերոնշյալ անձինք։

Ոստիկանությունը հայտնում է, որ Հայկ Հարությունյանի հետ աղջիկները հանցավոր համաձայնության էին եկել, սակայն տեսախցիկի առաջ նրանք տարբեր կերպ էին ներկայացնում եղածը։

«Մենք էդ աղջկա հետ որոշել էինք, որ պարսիկների հետ ինչ-որ հարաբերություն չենք ունենալու, մենակ «գլխանց» փող ենք վերցնելու ու դուրս գանք էդ տնից՝ իրանց խաբելով: Բայց պարսիկները մեր աշխատած փողը չէին տալիս, Հայկոյին զանգեցի ասեցի, որ գա, ներկայանա որպես ոստիկան, եկավ, պարսիկը ինքնակամ ոսկյա շղթան տվեց, ասեց՝ մենակ գնացեք էս տնից»,- բաժնում պատմել է Մարիամ Աբրահամյանը:

Ոստիկանները խուզարկությամբ Հայկ Հովհաննիսյանի մոտից հայտնաբերել են ատրճանակը և ոսկյա շղթան, սակայն Հայկը ոստիկաններին որևէ բացատրություն տալ չի ցանկացել ՝ ասելով, որ իրեն զրպարտում են:

Մյուս իրերը հայտնաբերելու նպատակով ոստիկանները խուզարկել են Մարիամ Աբրահամյանի բնակարանը, սակայն դրանք հայտնաբերել չի հաջողվել: Փոխարենը Մարիամը հյուրասենյակի պահարանից ոստիկաններին ներկայացրել է դեղնականաչավուն կանեփանման  զանգված՝ հայտարարելով, որ թմրանյութն իրենն է և օգտագործում է:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ավազակություն):

Հայկ Հովհաննիսյանի ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:

1280