Кинорежиссер Сергей Параджанов

Երևանցիներին հյուր կգա Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը

1500
(Թարմացված է 09:28 19.09.2015)
«Մեր բեմադրված ներկայացումը ժամանակակից հանդիսատեսի մոտ խորը հետք է թողնում` Հայաստանի մեծ պատմության, հոգևոր արժեքների հետք», – ասաց Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր Վլադիմիր Գաբբեն

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի թատերախումբը սեպտեմբերի 22–ին և 23–ին երևանյան հանդիսատեսի դատին կհանձնի երկու ներկայացում` «Արմենիադա» (նախկին անվանումը` «Ջան») և «Կյանքը կրկին չես խաղա»։

Երևանում կազմակերպված ասուլիսի ժամանակ թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն, երաժշտական ղեկավար Մադաթ Ավանեսովն ու թատրոնի առաջատար դերասանուհի Լուիզա Գաբբեն պատմել են թատրոնի գործունեության և այն մասին, թե ինչպես են ընկալում վարպետի ստեղծագործական գործունեությունը։

«Ջան»–ից դեպի «Արմենիադա»

«Արմենիադա» պիեսի սցենարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, պատրաստվել է 2–3 տարում և սկզբում կոչվել է «Ջան»։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թ.–ի ապրիլի 13–ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան Սվետլանովսկու դահլիճում, իսկ երևանյան թատերասերները ներկայացումը տեսնելու հնարավորություն կունենան սեպտեմբերի 22–ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։

Սյուժեի հիմքում ընկած է երկու կերպարների` Ժամանակի և Ջանի երևակայական հանդիպումը։ Նրանք հանդիպում են երկնքում` հայկական սրտի ամենանվիրական և ամենաթանկագին կրքերի մասին խոսելու համար։

«Մեր բեմադրված ներկայացումը ժամանակակից հանդիսատեսի մոտ խորը հետք է թողնում` Հայաստանի մեծ պատմության, հոգևոր արժեքների հետք։ Հենց սա է ներկայացման հիմնական գաղափարը։ Այն իրենից ներկայացնում է համադրություն, թատրոնի, կինոյի, երաժշտության, պլաստիկայի, կերպարվեստի խաչմերուկ», – նշեց Գաբբեն։

Նրա կարծիքով` ներկայացումն իր դրամատիկ խորությամբ և պատկերավոր պլաստիկայի ֆանտաստիկ գծերով «հիշեցնում է աշխարհների խաչմերուկ» Փարաջանովի այլաբանական բանաստեղծական արվեստի միջով, այն ներկայացնում է Սևակի թեժացած վանկ, Կոմիտասի երաժշտության հավիտենական փիլիսոփայությունն ու Նարեկացու մուտքի դարպասները։

«Մենք քանդում ենք դահլիճի և բեմի միջև եղած սահմաններն ու կարծրատիպերը։ Դա ինքնատիպ հոգևոր ուխտագնացություն է դեպի մեր արժեքներն ու նախնիների հողերը», – կարծում է թատրոնի ղեկավարը։

Գաբբեն ավելացրեց, որ «Արմենիադա» ներկայացումը Փարաջանովի կինոսցենարների կրկնություն չէ, այն միայն հոգևոր խոնարհում է վարպետին, ով իր կյանքով և ստեղծագործական գործունեությամբ աշխարհին է նվիրել անսահման գեղեցկություն։

Փարաջանովի թատրոնը երևանյան հյուրախաղերի շրջանակում կներկայացնի նաև «Կյանքը կրկին չես խաղա» ներկայացումը, որն իրենց ներկայացնում է պոեզիայի, երաժշտության և կինոինստալիացիայի համադրություն։ 

Ստանիսլավսկու թատրոնի բեմում սեպտեմբերի 23–ին կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները` Մոսկվայի թատերախմբի մեկնաբանությամբ, ինչպես նաև Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Մարինա Ցվետաևայի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Բուլատ Օկուջավայի, Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունները։

Սիրով` Ռուսաստանից

Սեփական ստեղծագործական որոնումների և հայ հանդիսատեսի նկատմամբ տածած սիրո մասին խոսեց Լուիզա Գաբբեն։ 

«Մոսկվայի Փարաջանովի անվան դերասաններից շատերը ռուսներ են, և չնայած այնքան տարբեր մշակույթներին, նրանք ընկղմվում են փարաջանովյան զարմանահրաշ աշխարհը` նրան սեփական սրտի մասնիկը դարձնելու համար։ Սա բավականին թանկագին և հուզիչ հանդիպում է։ Մենք շատ ենք սիրում հայ հանդիսատեսին. շատ նրբանկատ է և խորքային։ Սրտից բխածը միշտ հասնում է մեկ ուրիշի սրտին», – ասաց դերասանուհին։

Մադաթ Ավանեսովն իր հերթին կարևորեց ռուս հանդիսատեսի համար փարաջանովյան ժառանգության նշանակությունը։ «Մոսկովյան հանդիսատեսը երկրպագում է Փարաջանովին և վարպետի հոգևոր աշխարհի ու հարստության միջոցով երկրպագում է նաև հայկական մշակույթն ու պատմությունը։ Չնայած նման նախագծերը ռիսկային են, սակայն դրանք հնարավորություն են տալիս անկեղծ խոսել հանդիսատեսի հետ», – ասաց Ավանեսովը։

Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը լեգենդար վարպետի լեգենդար երազների կենդանի լաբորատորիա է, որտեղ վերստեղծվում է փարաջանովյան զարմանահրաշ էսթետիկան, փորձարկումներ են կատարվում Փարաջանովի բացառիկ կերպարների ոլորտում։ Սա նուրբ փոխաբերությունների, հրաշագործ փոխակերպումների և բախվող տարերքների թատրոն է, որը վերակենդանացնում է մոռացված նախնիների ստվերները։

Թատրոնը հիմնադրվել է 1994թ.–ին, ավելի քան 20 տարում հյուրախաղերով եղել է Եվրոպայի և ԱՊՀ–ի բազմաթիվ երկրներում։ Մինչև տարեվերջ թատրոնը հյուրախաղերով կլինի Ֆրանսիայում` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակում։

Թատրոնն առաջին անգամ Հայաստան է այցելել 2009թ.–ին Փարաջանովի 85–ամյակի կապակցությամբ։

1500