Араратская долина в Армении

Արարատի ստորոտին. հեքիաթային Հայաստանի տուրիստական նոր ուղղվածությունը

437
«Վարդանուշ տատիկ» ուրախ անվանումով ընկերությունն արտասովոր տուրեր է կազմակերպում նրանց համար, ովքեր ցանկանում են բոլորովին նոր Հայաստան տեսնել

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. 2015թ.–ից Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են բացահայտել ոչ միայն երկրի ողջ հմայքը, բազմազան բնությունն ու տեսարժան վայրերը, այլ նաև` բնակիչների հյուրընկալությունը։ Այս ամենը հնարավոր է դարձել մի նախագծի շնորհիվ, որն իրականացնում են «Վարդանուշ տատիկ» ուրախ անվանումով ընկերության աշխատակիցները։ Նրանք արտասովոր տուրեր են կազմակերպում նրանց համար, ովքեր ցանկանում են բոլորովին նոր Հայաստան տեսնել։

Ընկերության հիմնադիր Ամալյա Ակոպովան Sputnik Արմենիա պորտալին պատմել է, որ նման այցելությունների կազմակերպիչների նպատակներից է վերացնել այն կարծրատիպը, թե Հայաստանը տիպիկ կովկասյան երկիր է. նրանք ցանկանում են նորովի ներկայացնել Հայաստանը։

Հյուրընկալ և հյուրասեր Հայաստան

Ակոպովան նշեց, որ պատմական եկեղեցիներից և հնագույն տաճարներից բացի, զբոսաշրջիկները պետք է ծանոթանան նաև երկրի հասարակ բնակիչների հետ, որոնք առանձնանում են իրենց հյուրասիրությամբ և հյուրերի նկատմամբ ցուցաբերվող բարյացակամությամբ։ Հենց այս պատճառով նման տուրերի հիմնաքարն այն է, որ զբոսաշրջիկները հանրապետության տարածքով կատարած իրենց շրջագայության ժամանակ իջևանում են ոչ թե հյուրանոցներում կամ հանգստյան տներում, այլ` սովորական հայկական ընտանիքի տներում։

Այսպիսով, մեր արևոտ երկիրը հյուրերին ներկայանում է ամբողջովին նոր ուղղվածությամբ` հեքիաթային գույներ, համեղ մրգեր և բանջարեղեն, հայերի հյուրընկալություն ու տեղացիների կենցաղին ծանոթանալու հնարավորություն։

Ընկերության հիմնադիրը նշեց, որ զբոսաշրջիկների համար նախատեսված տներն ընտրվում են նախօրոք Հայաստանի և Արցախի ամենագրավիչ անկյուններում։

«Վարդանուշ տատիկ» նախագծի թիմն ինտերնացիոնալ է, և կազմակերպիչները որոշեցին իրենք փորձել այս նոր նախագծի շրջանակում կազմակերպված առաջին շրջագայությունը։ Առաջին ճամփորդությունը, որը մեկուկես ամիս տևեց, իրականացրին Մոսկվայից, Իրկուտսկից և Չելյաբինսկից ժամանած զբոսաշրջիկները։ Նրանք որոշեցին հաճելին համատեղել օգտակարի հետ և շրջագայության ժամանակ փնտրում էին նոր մասնավոր տներ և մարդկանց, ովքեր կարող են և կցանկանային միանալ նախագծին։

Իրականությու՞ն, թե՞ հեքիաթ

Պարզվում է, որ Վարդանուշ տատիկը ոչ թե մտացածին, այլ իրական կերպար է։ Վարդանուշ տատիկը 68 տարեկան է, սիրում է ճամփորդել և սիրում է Հայաստանը, չնայած, որ փոքր տարիքում ստիպված է եղել հեռանալ պատմական հայրենիքից։ Սակայն ավելի ուշ վերադարձել է` նախօրոք լինելով աշխարհի բոլորի երկրների գրեթե կեսում։

«Հայաստան գալուց հետո նա հասկացել է, որ այս երկիրն ավելի շատ հեքիաթ է հիշեցնում։ Այստեղ էլ ստեղծվել է ընկերության նշանաբանը` «Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ հեքիաթ»», – ասաց Ակոպովան։

Նա նաև նշեց, որ նախագծում ներառվելու համար բնակարանների որոնումը ևս հեքիաթ է հիշեցնում։ Սկզբում թվում էր, թե խնդիրներ կծագեն` կապված լավ ու հարմարավետ տների գտնելու հետ։

«Սակայն սպասումներն արդարացան։ Հարմարավետության խնդիր չկա, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում կրեատիվության վրա։ Պարզվեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են ֆանտաստիկ տներ պատրաստել սովորական տակառներից, որոնք գտնվում են Հարսնաձորի կիրճի եզրին` Տաթևի վանքի մոտակայքում», – նշեց Ակոպովան։

Հարմարավետ ճամփորդություն սիրող զբոսաշրջիկների համար առաջարկում ենք հարմարավետ մասնավոր տներ, անգամ` առանձնատներ։

«Այսօրինակ զբոսաշրջության սիրահարները շնորհակալություն են հայտնում, որ տեղացիների հետ կենցաղ վարելու, խոհարարական վարպետության դասերի մասնակցելու, փորագրել սովորելու, խաչքարեր և գինի պատրաստելու հնարավորություն են ունեցել», – ավելացրեց Ակոպովան։

Հայաստանի մասին պետք չէ կարդալ, Հայաստանը տեսնել է պետք

«Հիմա մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Առաջիկայում Հայաստանի գեղատեսիլ վայրերն այցելելու հնարավորություն կունենան եվրոպացի զբոսաշրջիկները, առաջինը Հայաստան կայցելեն լատվիացիները», – նշեց Ակոպովան։

Այս պահին 20 մարդ արդեն եղել է Հայաստանում և մասնակցել կրեատիվ շրջագայությանը։

Հայաստան այցելած տարբեր տարիքի զբոսաշրջիկները զարմանում են, որ երկրում գրեթե չկան անօթևան մարդիկ, որ խորհրդային ավտոմեքենաները հետին պլանում են հայտնվել, իսկ մարդիկ անսահման բարի են և կենսուրախ։

Բացի այդ, էկզոտիկ տուրիզմի այս տեսակն աջակցում է տեղացիներին, չէ՞ որ զբոսաշրջիկներն իջևանելու համար վճարում են ոչ թե պետությանը, այլ մասնավոր տների հյուրընկալ և բարյացակամ տերերին։

437