Конституция

Քաղաքական վերլուծաբան. Սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական դաշտում արդեն կա կոնսոլիդացիա

0
Ազգային ժողովի առանձին խմբակցությունների «պառակտումները», ըստ Վահագն Սարոյանի, պայմանավորված են քաղաքական ներքին խնդիրներով, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ցանկացած հարցի կամ առաջարկի «ոչ» ասելիս պետք է ներկայացնել դրա այլընտրանքային տարբերակը, միանգամից «ոչ» ասել և ոչինչ չառաջարկել փոխարենը՝ նախ հետաքրքիր չէ, և հետո բերում է քո «ոչ»-ի գաղափարի փլուզմանը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց  քաղաքական հարցերի վերլուծաբան Վահագն Սարոյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ ծավալվող քննարկումների մասին:

«Ներկա իրավիճակում, այսպես ասած, «ոչ»-ի ճամբարում տեսնում եմ միայն «ոչ» և «ոչինչ» արտահայտություններ: Երբ մարդիկ «ոչ»-ից բացի ոչինչ չեն անում, ոչ մի քննարկում չի ծավալվում, ապա այդ գործընթացը շղթայական ռեակցիայով տանում է դեպի առ ոչինչ», — ասել է բանախոսը:

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ ի՞նչ հնարավոր զարգացումների կարելի է սպասել, կլինի՞ արդյոք կոնսոլիդացիա» հարցին ի պատաստխան վերլուծաբանը նկատում է՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում կոնսոլիդացիա ասելով:

«Լայն կոնսոլիդացիա ասելով հասկանո՞ւմ ենք 100 տոկոսանոց կողմ այս փոփոխություններին, թե՞ քաղաքական դաշտի գործող անձանց մեծամասնության լոյալ վերաբերմունքը  և, բնականաբար, սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելը: Եթե ընդհանուր դիտարկենք, ապա այսօրվա դրությամբ բոլորս էլ տեսնում ենք, որ կան կոնսոլիդացիոն գործընթացներ, ինչի արդյունքը նախագահի ընդունելություններ են, տարբեր ուժերի հետ քննարկումները և այլն: Թե ինչի կհանգեցնի այս սահմանադրական գործընթացները՝ ցույց կտան հետագա գործընթացները, իսկ քաղաքական դաշտում մենք արդեն ունենք կոնսոլիդացիա», — վստահեցնում է քաղաքական վերլուծաբանը:

Թե այս ամենի արդյունքում ինչպիսի փոփոխություններ կլինեն, ինչ առաջարկություններ կներառվեն փոփոխությունների փաթեթում՝ ժամանակը ցույց կտա: Իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովի առանձին խմբակցությունների «պառակտումներին», ապա, ըստ  Վահագն Սարոյանի, դրանք պայմանավորված են քաղաքական ներքին խնդիրներով, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով:

0