Паблик Релейшнз, ПР

Մասնագետ. PR–ը դրական երևույթ է, զուտ դրական դիվիդենտներ բերելու գործիք

361
(Թարմացված է 17:09 16.09.2015)
PR մասնագետը նշում է` գոյություն ունի միայն գրագետ PR, անգրագետն արդեն PR չէ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի–Sputnik. PR–ը դրական երևույթ է, այն զուտ դրական դիվիդենտներ բերելու գործիք է: Այն առավելությունդ ցույց տալու միջոց է, այլ ոչ թե դիմացինին նսեմացնելու մեթոդ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել PR մասնագետ Ծովինար Խաչատրյանը։

Նրա կարծիքով` գոյություն ունի միայն գրագետ PR, անգրագետն արդեն PR չէ:

«PR–ի շատ սահմանումներ կան, բայց վերջնական ձևակերպում, թե ինչ է PR–ը, դեռևս գոյություն չունի: Ամեն դեպքում, դա մարդկային հարաբերություններ է, որը որքան ճիշտ կիրառես, այնքան քո գործին օգուտ կբերի»,-ասել է նա:

Խաչատրյանի խոսքով` Հայաստանում, ինչպես նաև հետխորհրդային երկրներում PR–ը մուտք է գործել 90-ականների վերջին։

«Այն կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում: «PR–ը համբավ է բերում մարդուն, ավելանում է դրական տեղեկատվությունը:  ԶԼՄ-ների հետ շփում և ԶԼՄ-ների միջոցով շփում ավելի լայն զանգվածների հետ, նպատակային լսարանի հետ», – նշել է Խաչատրյանը։

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ PR–ի տարատեսակները շատ են, և նա վերջերս պարզել է  նաև, որ գոյություն ունի հոգևոր PR։

«Հիմա արհեստականորեն մի փոքր բարձրացնում են PR մասնագետի դերը, տեղեր կան, որտեղ անհրաժեշտ չէ ունենալ PR մասնագետ, բայց ամեն դեպքում բացում են այդ հաստիքը, հետո ուզում են հասկանալ, թե ինչի է այն հարկավոր», – ասել է Խաչատրյանը։

Նրա կարծիքով` PR կարելի է կիրառել քաղաքական գործիչների ճանաչելիության, ընտրություններում ավելի լավ ներկայանալու համար:

«Եթե գործ ունես որոշակի զանգվածի հետ և ուզում ես այդ զանգվածին ներկայանալ դրական լույսի ներքո, ապա անհրաժեշտ է ունենալ PR մասնագետ»,-պարզաբանել է նա:

Խաչատրյանի խոսքով` համացանցում կիրառվում է երկու տեսակի PR` ծաղրական և ժամանցային:

PR մասնագետը նաև նկատում է, որ եթե իրական կյանքում կա երկու տեսակի լիդեր, ումից տեղեկատվություն են ստանում կամ ում միջոցով ճշտում են այդ տեղեկատվության  հավաստիությունը, ապա համացանցը ոչինչ չի պարտադրում:

«Համացանցում դու կարող ես մի քանի աղբյուրից տեղեկատվություն ստանալ և ինքդ վերլուծել այն: Եթե մի քանի աղբյուրից, որոնք քեզ համար վստահելի են, ստանում ես նույն նկարը կամ մեկնաբանությունը, ապա անկախ քեզանից գիտակցությանդ մեջ տպավորվում է, որ դա է ճիշտը: Ամեն դեպքում, ինչ-որ բան տպավորվում է: Այնուհետև կամաց-կամաց ձևավորվում է կարծիքը»,- նշել է Խաչատրյանը։

Պատասխանելով «Ի՞նչ ասել է սև PR» հարցին` Խաչատրյանը նշել է, որ բացի ռուս մասնագետներից, աշխարհի բոլոր մասնագետներն ասում են, որ սև PR գոյություն չունի։

«Սև PR–ը լրագրողների ստեղծած արտահայտությունն է, որը դաջվեց մարդկանց մտածելակերպում և մինչ օրս օգտագործում են: PR–ը PR է, այսինքն՝ քեզ համբավ բերելու համար դու կարող ես անել ամեն ինչ, ընդհուպ ամենավատը»,-ընդգծել է PR մասնագետը։

361