Фестиваль Сокровища Одзуна

Ֆրանսահայ խոհարարն ըմպելիք է պատրաստել հայկական խոտաբույսերից ու հատապտուղներից

953
(Թարմացված է 20:59 13.09.2015)
«Օձունի գանձեր» փառատոնի մասնակիցներն ու հյուրերը կարողացան համտեսել անուշաբույր տնական օղին ու հուշանվերներ ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. Աշխարհի 50 լավագույն խոհարարներից մեկը՝ ֆրանսահայ Ալեն Ալեքսանյանը, «Օձունի գանձեր» փառատոնի ժամանակ հատուկ ըմպելիք ներկայացրեց, որը պատրաստված էր հայկական խոտաբույսերից և հատապտուղներից:

«G2iA» հայ-ֆրանսիական միջազգային միավորման ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը լրագրողներին ասաց,  որ անվանի խոհարարը մասնակցում է փառատոնին պատվավոր  հյուր կարգավիճակով:

«Ալեքսանյանը փառատոնի հյուրերին ներկայացրեց իր նորույթը՝ թույլ ալկոհոլային «Արմենիտո» խմիչքը, որը ստեղծել է այս վայրերում աճող խոտաբույսերով և հատապտուղներով,- պատմեց Մինասյանը:

Фестиваль Сокровища Одзуна
© Sputnik/ Самвел Сепетчян
Фестиваль Сокровища Одзуна


Նախօրեին Լոռու մարզում անցկացված «Օձունի գանձեր» միջհամայնքային չորրորդ փառատոնի նպատակն էր հայտնի դարձնել տեղական գյուղատնտեսական արտադրանքը և Օձունի ու հարակից գյուղերի պատմամշակութային ժառանգությունը:

Փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում 15 տեղի համայնքերի բնակիչները ներկայացրին անուշաբույր տնային մրգային օղու և տարբեր խմիչքների պատրաստման արվեստը տեղի խոտաբույսների հիման վրա, ինչպես նաև հուշանվերներ, ձեռագործ իրեր, գործվածքներ:

Փառատոնի հյուրերը վայելեցին երաժիշտների և պարային համույթների կատարումները և դիտեցին լարախաղացների յուրահատուկ շոուն:

Ինչպես նշեց Զոհրաբ Մինասյանը, փառատոնի կազմակերպիչները փորձեցին ցույց տալ տեղի բնակչությանը, որ նրանց արտադրած արտադրանքը մեծ արժեք ունի:

Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանն ասաց, որ այդ միջոցառումը տեղի համայնքների բնակիչներին օգնում է վաճառել իրենց արտադրանքը:

«Մենք հույս ունենք, որ ժամանակի հետ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կաճեն, և գյուղացիները կկարողանան դուրս գալ ավելի խոշոր շուկաներ»,- նշեց Տիտանյանը:

Фестиваль Сокровища Одзуна
© Sputnik/ Самвел Сепетчян
«Օձունի գանձեր» չորրորդ փառատոնը


Նա ավելացրեց, որ հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը Լոռու մարզպետարանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ նպաստում է մարզում տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը:

Фестиваль Сокровища Одзуна
© Sputnik/ Самвел Сепетчян
«Օձունի գանձեր» չորրորդ փառատոնը


Փառատոնը կազմակերպել է «G2iA» հայ-ֆրանսիական կազմակերպությունը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Լոռու մարզի գյուղապետարանների աջակցությամբ:

953