Участники акции Нет грабежу на улице Баграмяна

Հայաստան. քաղաքական «տապ» սեպտեմբերին

194
(Թարմացված է 22:22 12.09.2015)
Արշալույս Մղդեսյան
Ներկա պահին Երևանում շատերը գուշակում են և հարց տալիս` կկրկնվե՞ն արդյոք երկու ամսվա վաղեմության իրադարձությունները, երբ քաղաքի կենտրոնը բռնկված էր բողոքի ակցիաներով, թե՞ այս անգամ շարունակություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. Երևանում ամառային շոգը նվազել է, և բնակիչները վերադարձել են արձակուրդներից։ Բայց Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում կրկին «շոգ» է։ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կոչով երիտասարդությունը դուրս է եկել փողոց, որպեսզի բողոքի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։ Նրանց չեն գոհացնում իշխանությունների զիջումները քաղաքացիների և փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների համար «սակագնային» սուբսիդավորման մասին։ Դա ժամանակավոր միջոց է և կշարունակվի մինչև ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աուդիտի ավարտը։ Ցուցարարները ցանկանում են, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը չեղյալ հայտարարվի։

Սեպտեմբերի 11–ին Երևանի կենտրոնում անցկացված հանրահավաքը և դրան հետևած երթը դեպի նախագահական նստավայր անչափ նման են հունիսյան իրադարձություններին, երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող երիտասարդությունը երկու շաբաթ փակել էր Բաղրամյան պողոտան։ Այս անգամ հանրահավաքից հետո նախատեսված երթը (ի սկզբանե երթուղին այլ էր) նույնպես շարժվել է դեպի նախագահի նստավայր։ Ակցիայի մասնակիցների ճանապարհը փակել են մի քանի ոստիկանական շարասյուներ։

Ի նշան բողոքի` հարյուրավոր ցուցարարներ նստել են հենց փողոցում և փակել երթևեկությունը։ Ակտիվիստները անտեսել են ոստիկանության` պողոտան ազատելու և ցրվելու մասին կոչերն ու նախազգուշացումները։ Ավելին` նրանց հասանելի կապի միջոցներով` ԶԼՄ, սոցիալական ցանցեր և հեռախոսազանգեր, նրանք սկսել են քաղաքացիներին կանչել Բաղրամյան պողոտա։

«Զանգեք ձեր ընկերներին, մտերիմներին, ծանոթներին, սոցիալական ցանցերում լուսանկար տեղադրեք հանրահավաքի վայրից, այնտեղ գրություններ, հեշթեգեր թողեք   , որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունենում Բաղրամյան պողոտայում և միանան մեզ։ Մենք դեռ քիչ ենք, ոստիկաններն ավելի շատ են, նրանց հետ բախումն անխուսափելի է։ Եկեք ավելացնենք մեր թիվն այստեղ, և այդ ժամանակ մեզ հետ ոչինչ չեն կարող անել։ Այս անգամ մենք կգնանք մինչև վերջ։ Մեր վերջնական նպատակն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին ՀԾԿՀ որոշումը չեղյալ հայտարարելն է»,– ելույթ ունենալով ցուցարարների առաջ` հայտարարել է «Ո՛չ թալանին» շարժման առաջնորդներից մեկը` Մաքսիմ Սարգսյանը։Քաղաքացիական շարժումը որոշել է ակտիվացնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաները, քանի որ իրեն խաբված է համարում։

«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 1–ից։ Մեզ դուր չեն գալիս իշխանության քայլերը սուբսիդիաների միջոցով սակագնային ծանրաբեռնվածությունը մեղմացնելու ուղղությամբ։ Դա ժամանակավոր միջոց է, և այն կտևի մինչև ՀԷՑ–ում աուդիտի ավարտը։ Մենք ցանկանում ենք, որ այդ որոշումը չեղյալ հայտարարվի։ Մենք պահանջում ենք նաև վերանայել նախկինում գործող սակագները և պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ հունիսի 23–ի առավոտյան ակցիայի ուժով ցրելու ժամանակ»,– նշել են քաղաքացիական շարժման ակտիվիստները։

Մայրաքաղաքի կենտրոնում իրադրությունն ավելի ու ավելի է նմանվել հունիսյան իրադարձություններին` ազգային երգերի տակ պարող և ցույց անող երիտասարդություն, բարձրախոսներով և Հայաստանի դրոշներով ակտիվիստներ, իսկ առջևում` ոստիկանական շարասյուներ։

Ոստիկանությունը հունիսյան իրադարձությունների նման երկար չի սպասել։ Սեպտեմբերի 12–ին վաղ առավոտյան, երբ ցուցարարների թիվը պողոտայում հասել է 100–ի, ոստիկանները ուժ են գործադրել և ազատել պողոտան։ Երթևեկությունը վերականգնվել է։ Ջրցաններն այս անգամ օգտագործվել են միայն պողոտան աղբից մաքրելու համար։ Նախկինի նման ակտիվիստները նոր հանրահավաք են նշանակել Ազատության հրապարակում սեպտեմբերի 12–ին։ Այդ ժամանակ ցուցարարներին կոշտ ցրելուց հետո Երևանում հանրահավաքի մասշտաբները զգալիորեն ընդլայնվել են։ Բողոքի ակցիաները տարածվել են երկրի ուրիշ խոշոր քաղաքներում։


Ներկա պահին Երևանում գուշակում են և հարց տալիս` կրկնվեն արդյոք երկամսյա վաղեմության իրադարձությունները, երբ քաղաքի կենտրոնը համակված էր բողոքի ակցիաներով, թե այս անգամ շարունակություն չի լինի։

Հայ փորձագետները և լրագրողները սպասում էին հունիսին տեղի ունեցած իրադարձությունների կրկնություն։ Այդ ժամանակ նրանք նախազգուշացրել են Հայաստանում բողոքի զանգվածային ակցիաների վերսկսման հնարավորության մասին, քանի որ հասարակությունում իշխանությունից դժգոհության մասշտաբները մեծ են։ «Բողոքն ընդհանուր առմամբ ունի քաղաքական արմատներ։ Մարդիկ դժգոհ են իշխանությունից։ Իսկ քաղաքական համակարգի նկատմամբ մարդկանց վստահության մակարդակը շատ ցածր է։ Զուգահեռ վատանում է քաղաքացիների սոցիալ–տնտեսական դրությունը։ Ուժեղ ընդդիմության բացակայության պայմաններում հասարակական դժգոհությունը տարբեր առիթներով դուրս է թափվում փողոցներ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա կարծիքով` ցույցերը կշարունակվեն, և դա մեկ շղթայի օղակ է` չնայած նրան, որ որոշ արտասահմանյան ԶԼՄ–ներ առանձնացնում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները նման ուրիշ գործընթացներից։

«Մարդիկ այդպես են արտահայտում են իրենց դժգոհությունը»,– նշում է մեր զրուցակիցը և հավելում, որ ներկա պահին հունիսյան իրադարձությունների կրկնություն չի կանխատեսում։

«Բանն այն է, որ բողոք է արտահայտում մարդկանց բավականին նեղ շրջանակ։ Հասարակական դժգոհությունը մեծ է, սակայն փողոց դուրս գալու և իրենց իրավունքները պաշտպանելու ցանկություն ունեցող մարդկանց թիվը` փոքր։ Այդ պատճառով նրանց հեշտ է ցրել։ Կազմակերպիչներն ու առաջնորդները դեռ չեն կարողանում դուրս գալ այդ խմբի շրջանակից»,– կարծում է նա։

Քաղաքագետն այս անգամ կարծում է, որ Երևանում իրավիճակը չի սրվի։

«Նախ` այս անգամ ցրելու գործընթացն այնպես չի եղել, ինչպես հունիսին։ Հայ ոստիկանները սովորել են, թե ինչպես է պետք գործել։ Սակայն պետք է նշել, որ ցրելու գործընթացը հնարավոր դարձավ, որովհետև մարդկանց թիվն էր քիչ։ Բողոքի սոցիալական աջակցությունն աննշան էր։ Նորություն չէ, որ ցուցարարները երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչ է պետք անել իրենց վրա լուրջ ուշադրություն սևեռելու համար։ Նախկինում նրանք ճարտարապետությանն ու բնապահպանությանը վերաբերող հարցեր էին բարձրացնում, այնուհետև առաջ եկան կենսաթոշակային բարեփոխումների, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցերը։ Այդ դեպքում փողոց դուրս գալն ու պողոտան շրջափակելն արդեն ուշադրություն կգրավեր»,– նշում է Իսկանդարյանը։

Հակառակ դեպքում ցուցարարները պետք է դժվար ճանապարհով գնային` ընդդիմադիր կառույցներ ստեղծեին, ընտրական բազա ձևավորեին և մասնակցեին ընտրություններին։

«Դրա համար նրանցից որևէ մեկը ռեսուրս և անգամ ցանկություն չուներ։ Այս պատճառով նմանատիպ բողոքները կշարունակվեն»,– կարծում է նա։
Ըստ Իսկանդարյանի, նման բողոքները ներքաղաքական լուրջ ցնցումների չեն հանգեցնի։ «Բողոքը սահմանափակվում է մարդկանց բավականին նեղ շրջանակում։ Բոլորը միմյանց ճանաչում են։ Նրանց թիվն այնքան էլ չի մեծացել։ Սակայն դրանով չի կարելի մխիթարվել, քանի որ ընդդիմադիր տրամադրությունների ալիքի համար առիթներ դեռ կլինեն։ Չէ՞ որ տնտեսությունը դեռ շարունակում է տեղում մնալ»,– եզրափակեց փորձագետը։

194