Армен Минасян

Ադրբեջանի արժեքն Արևմուտքի համար ենթարկվում է լուրջ փոփոխության. քաղաքագետ

10
Ալիևի վարչակարգն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական իշխանությունը պահելու, այն վերարտադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային վերադասավորումների արդյունքում Ադրբեջանի արժեքն Արևմուտքի համար լուրջ փոփոխության է ենթարկվում: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանին դատապարտող Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:

Քաղաքագետն ընդգծել է, որ այդ արժեքի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գործոնով: «Նախկինում, երբ Իրանի նկատմամբ գործում էին պատժամիջոցները, Ադրբեջանը դիտարկվում էր որպես առանցքային այլընտրանքային ուղի: Ներկայում, Ադրբեջանի այդ առավելությունը դառնում է «փուչիկ»»,-նկատել է նա:

Երկրորդ կարևոր հանգամանքը քաղաքագետը պայմանավորում է Ռուսաստան-Արևմուտք դիմակայությամբ: Նրա խոսքով՝ Արևմուտքն օգտվելով առիթից՝ փորձում է ավելի հավատարիմ լինել ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը: «Եվ այս տեսանկյունից, բնականաբար, որոշակի գործողություններ պետք է ձեռնարկվեն ոչ միայն Ռուսաստանի, այլ իրական բռնապետությունների հանդեպ: Սա ընդամենը փորձ է ցույց տալու, որ Եվրոպայում վերաբերմունք է փոխվում»,- նշել է Մինասյանը:

Քաղաքագետը միաժամանակ նկատում է, որ Եվրախորհրդարանի բանաձևն ունի ընդամենը հռչակագրային, խորհրդատվական նշանակություն և չունի իմպերատիվ բնույթ: «Այստեղ շատ ավելի կարևոր է Ադրբեջանի արձագանքը, որը նախկինում շատ ավելի զուսպ էր, և նրանք, որպես կանոն, շատ սառն էին վերաբերվում Եվրոպական խորհրդարանի բանաձևերին, իսկ այս անգամ ավելի բուռն արձագանքեցին և անգամ սպառնացին  ռազմավարական համաձայնագրից դուրս գալու, այն վերանայելու մտադրության մասին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանում, իսկապես, գիտակցում են, որ պրոցեսները կարող են լուրջ ընթացք ստանալ»,-ասել է նա:

Բանաձևի հեղինակները կոչ են արել Եվրամիության երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին գերատեսչությանը՝ հրաժարվել Ադրբեջանում խորհրդարանի ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից: Այսպիսով՝ պաշտոնական Բաքում ո՞ր երկրներին կարող է ապավինել: Այս հարցադրմանն ի պատասխան՝ Մինասյանը նկատում է՝ պաշտոնական Բաքուն որևէ երկրի հետ չէր ձգտում և չի ձգտում դաշնակցության, որ հիմա էլ ապավինի դրա հովանավորությանը:

«Ալիևի վարչակարգն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական իշխանությունը պահելու, այն վերարտադրելու համար: Հասկանալի է, որ եվրոպական ուղղությունը նման ռեսուրսներ չի ապահովում, գուցե, առաջիկայում Ադրբեջանը ստիպված լինի ավելի սերտորեն գործակցել Ռուսաստանի հետ, որովհետև տարածաշրջանում հետաքրքրություն կարող է ցուցաբերել միայն Ռուսաստանը, ավելին՝ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին տեսնել ինտեգրացիոն կոնցեպտներում, և ստեղծված իրավիճակում Եվրոպայի կողմից ճնշումները, կարծես թե, հենց Ռուսաստանի շահերից են»,-ընդգծել է բանախոսը:

Ադրբեջանում սոցիալական խնդիրներն աստիճանաբար դառնում են ավելի ու ավելի տեսանելի: Հետևաբար, ըստ քաղաքագետի, արցախյան հիմնախնդիրը դառնում է այն միակ «կռվանը», որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հանրությանը մոբիլիզացված պահել: «Եվ արդեն իսկ կան նախանշաններ, որ սոցիալական դժգոհություններն ուղղորդվում են դեպի արտաքին թշնամի»,-շեշտադրել  է Արմեն Մինասյանը:

10