Государственный департамент (Госдеп США)

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն ու Ադրբեջանը ծանր սպառազինություն են օգտագործում

1804
(Թարմացված է 11:37 11.09.2015)
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել նման բռնությունը, պակասացնել իրավիճակի սրումն ու կտրականապես կոչ ենք անում խուսափել զոհերից, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նախօրեին հայտարարել է, որ իր տվյալներով, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ ծանր սպառազինություն են կիրառում: Պետդեպարտամենտը բռնությունը դադարեցնելու կոչ է արել:

«Մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել, որ հայկական և ադրբեջանական ուժերն ականանետներ և ծանր սպառազինություն են կիրառել միջազգային սահմանի երկայնքով, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել և գյուղեր են վնասվել: Մեզ խորապես մտահոգում է իրավիճակը և դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նա կոչ է արել կողմերին խուսափել զոհերից:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել նման բռնությունը, պակասեցնել իրավիճակի սրումն ու կտրականապես կոչ ենք անում խուսափել զոհերից քաղաքացիական անձանց շրջանում», – ավելացրել է Քիրբին։

Նա նաև Հայաստանին և Ադրբեջանին հիշեցրել է, որ երկու երկրները պարտավորվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

1804