Больница

Պարզվել է, թե ինչից են թունավորվել Բաղրամյան գյուղի երեխաները

980
Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերն արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել է մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik.  Սեպտեմբերի 10-ին ժամը 11:55-ին առողջապահության նախարարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։

Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ, հաղորդում է առողջապահության նախարարության կայքում: Այժմ 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում:

Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ:

Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Բոլորն էլ հոսպիտալացված են «Արտաշատի ԲԿ»-ում և ստանում են համապատասխան բուժում: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերն արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների:

Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն ահազանգը ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար:

Աշխատանքները շարունակվում են:

Հայկական ԶԼՄ–ները հաղորդում են, որ Բաղրամյան գյուղում թունավորված երեխաները ոչ միայն նրբերշիկ են կերել, այլեւ կարտոֆիլով կարկանդակ, գաթա և այլ սնունդ։

Թունավորված տղաներից մեկն ընդմիջմանը կարտոֆիլով կարկանդակ է կերել, որը գնել էր դպրոցի ճաշարանից։ Նա պատմել է, որ այն անսովոր կանաչ գույնի է եղել, ասես բորբոսնած է եղել։ Կարկանդակի համը նույնպես տարօրինակ քաղցր է եղել։ Զգալով, որ կարկանդակի հետ ինչ–որ բան այն չէ, այն մինչև վերջ չի կերել, բայց կարկանդակի փոքր քանակությունն էլ բավարար է եղել թունավորվելու համար։

980