Встреча главы РЖД Олега Белозерова и президента Армении Сержа Саргсяна

Բելոզյորով. Ռուսական երկաթուղին կշարունակի Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը

60
Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենը հայտարարել է, որ մտադիր է շարունակել հայկական երկաթուղային ենթակառուցվածքի անվտանգության և որակի բարձրացման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵ) ԲԲԸ–ն կշարունակի արդյունավետ համագործակցել Հայաստանի հետ, ասել է ՌԵ նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

Օլեգ Բելոզյորովը հանրապետության նախագահին վստահեցրել է, որ շարունակելու է համատեղ արդյունավետ աշխատանքի լավ ավանդույթները և պահպանելու ու զարգացնելու է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման գործում արձանագրված դրական դինամիկան, որում իր գլխավորած ընկերությունը, նրա հավաստմամբ, մեծապես շահագրգռված է և ունի որոշակի ծրագրեր:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պարոն Բելոզյորովը կօգտագործի իր մասնագիտական փորձն ու կազմակերպչական հատկանիշները՝ ի նպաստ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ամրապնդման: Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի։

Նա հույս է հայտնել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր նոր գլխավոր տնօրենի՝ Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ կշարունակի հետևողականորեն իրականացնել կոնցեսիոն պայմանագրով նախանշված աշխատանքները՝ պահպանելով ձևավորված սերտ համագործակցությունը հեռանկարային ու փոխշահավետ նախագծերի իրականացման շուրջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և Հայաստանում գործունեության ժամանակահատվածում նրա կառուցողական ու արդյունավետ աշխատանքի համար՝ ուղղված ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, դեռևս առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

60