Женщина работает за компьютером

Գրասենյակային ամենատարածված հիվանդությունները

804
Աշխատանքային օրվա տևողությունը և սթրեսի բարձր մակարդակը, հատկապես՝ երիտասարդ մասնագետների շրջանում, ավելացնում են առողջության հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Համակարգիչները ժամանակակից գրասենյակների կարևոր մասն են կազմում։ Դրանք թույլ են տալիս մեզ ավելի արագ և ավելի արդյունավետ աշխատել։ Սակայն մարդկային մարմինը նախատեսված չէ երկար ժամանակի ընթացքում մեկ դիրքում նստելու համար։ Բոլոր գրասենյակային աշխատողներին խրոնիկական մի քանի հիվանդությունների առաջացման վտանգ է սպառնում: Պատճառը ֆիզիկական ակտիվության պակասն է և երկար ժամանակ համակարգչի էկրանի մոտ նստելու անհրաժեշտությունը:


Աշխատանքային օրվա տևողությունը և սթրեսի բարձր մակարդակը, հատկապես՝ երիտասարդ մասնագետների շրջանում, ավելացնում են առողջության հետ կապված խնդիրները։


Ներկայացնում ենք «գրասենյակային» հիվանդությունների հնգյակը։


1.    Չոր աչքի ախտանիշ

Ամենատարածված գրասենյակային հիվանդությունն է: Համակարգչային ճառագայթումը և նյարդային լարվածությունը բերում է նրան, որ օրվա ընթացքում աչքերը շատ են հոգնում: Անոթները բորբոքվում են, քոր է առաջանում, գրգռվածություն և այնպիսի զգացողություն՝ կարծես կոպերի տակ ավազ է լցված: Անդադար համակարգչի մոտ աշխատելիս պետք է գոնե ժամը մեկ դադար տալ, շեղվել էկրանից և 10-15 վայրկյան աչքերն արագ թարթել, ինչպես նաև՝ օրվա ընթացքում հայացքը տարբեր կետերի թեքել: Անպայման անհրաժեշտ է օրական 1,5 լիտրից ոչ պակաս ջուր խմել։

 

2.    Թութք


Համակարգչից առաջացող ամենատհաճ հիվանդությունը, անշուշտ, թութքն է, որը դարձել է օֆիսային աշխատողների իսկական պատիժը, քանի որ բացի նրանից, որ դրա առաջացման մեծ ռիսկ գոյություն ունի, նաև կա մեծ խնդիր, երբ այդ ցավոտ հիվանդությունը ձեռք բերած մարդիկ ամաչում են գանգատվել բժշկին և այն զարգանում է մինչև անտանելի դառնալը։ Թութքից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է երբեմն կանգնել ու անընդհատ նստած դիրքում չլինել, ուտել ավելի քիչ կծու, յուղոտ ու աղի ուտելիք, ինչպես նաև խուսափել արագ սննդից և խմել շատ հեղուկ։

3.    Օստեոխոնդրոզ


Նստած աշխատանքը մեջքի ու վզի հաճախակի ցավերի պատճառ կարող է դառնալ: Ողնաշարը 8–ժամանոց աշխատանքի ընթացքում լուրջ ծանրաբեռնվածության մեջ է:


Օստեոխոնդրոզը շատ տարածված հիվանդություն է դարձել 25 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Այն անվերականգնելիորեն քայքայում է ողնաշարի հոդերը, առաջացնում է դիսկոմֆորտ և ցավեր մեջքի հատվածում: Օստեոխոնդրոզի բարձիթողի վիճակը հանգեցնում է կիֆոզի (ողնաշարի վերին հատվածի կորություն), սկավառակների ճողվածքի, օստեոֆիտի առաջացման։

Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել նստելու դիրքի վրա: Մեջքի թեքվածությունն ու առաջ եկած գլխի դիրքը ամենավտանգավորն է օրգանիզմի համար: Այդ պատճառով պետք է ուղիղ նստել, հաճախ կանգնել, վարժություններ անել ու ձգվել Կօգնի նաև կոնտրաստային ցնցուղը, ֆիթնեսը և մերսումները:

Հիվանդությանը ավելի հաճախ առաջանում է ավելորդ քաշով և անշարժ կենսակերպ վարող մարդկանց մոտ: Օստեոխոնդրոզը կանգնեցնելու, մկանների շարժունակության և քաշի կարգավորման համար պետք է որոշակի ծանրաբեռնված աշխատանք կատարել:


4. Դաստակի ուղիների ախտանիշ (թունելային ախտանիշ)

Այս հիվանդությունը համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնող մարդկանց հիմնական դժգոհությունն է: Անընդհատ կրկնվող շարժումները և ձեռքերի անհարմար դիրքը բերում են դաստակի մկանի ախտահարման, ցավեր են առաջանում, քարանում են մատները:  Պետք է անընդհատ դադարներ տալ և շարժել դաստակները: Մկնիկով աշխատանքի ժամանակ դաստակը որքան հնարավոր է պետք է հեռու պահել սեղանից:


5. Խրոնիկական հոգնածության ախտանիշ

Աշխատանքային օրվա ավարտին գերհոգնածությունը բնական երևույթ է: Դա գերծանրաբեռնվածության, լարված էմոցիոնալ ֆոնի, սթրեսի և այլ գործոնների արդյունքն է: Սովորական կյանքում բավարար է առողջ քունը, բայց եթե հանգստյան օրերն անցել են, իսկ երկուշաբթի առավոտյան, միևնույն է, վատ եք զգում, գլուխը ցավում է և բարկանում եք ամեն հասարակ բանից, ապա դա խրոնիկ հոգնածության ախտանիշ է: Պետք է երկար չմնալ աշխատավայրում: Բուժման հիմնական միջոցը հանգստանալու հնարավորությունն է:

804