Политолог Александр Искандарян

Իսկանդարյան. Ռուսաստանի և Հայաստանի նախագահները համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները

232
Հանդիպումը որևէ հեղափոխություն չբերեց, սակայն այն թերագնահատել նույնպես պետք չէ։ Նախագահների հանդիպումների հաճախականությունը ցույց է տալիս, որ հարկավոր է համաձայնեցնել սեփական դիրքորոշումները, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումն ուղղված էր դիրքորոշումների համաձայնեցմանը, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Հայաստան–Ռուսաստան. փոխհարաբերություններ և հեռանկարներ» տեսակապի ժամանակ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7–ին Նովո–Օգարյովոյում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը, էներգետիկ հատվածում իրականացվող համագործակցությունն ու անվտանգության հարցերը։

«Հայաստանի նախագահի այցն աշխատանքային է, մեզ համար այս հանդիպումը կարևոր է անվտանգության ապահովման տեսակետից, իսկ Ռուսաստանի համար շատ կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ, մասնավորապես, Իրանի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քանի որ այդ երկիրը տարածաշրջանում ամբողջովին այլ դիրք է զբաղեցնելու։ Ռուսաստանի համար կարևոր է նաև Թուրքիայի տարածքով գազատարի կառուցման նախագծերի «մահը» և այդ երկրում հիմա գոյություն ունեցող լուրջ ռիսկերը, որի արևելքում փաստորեն պատերազմ է ընթանում», – ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների հարցում Ռուսաստանի մասնակցության ձևաչափը փոխվում է, իսկ այս համատեքստում Հայաստանի դիրքը ռուսական կողմի համար կարևոր է։ 

 «Հանդիպումը չհանգեցրեց որևէ հեղափոխության, սակայն այն թերագնահատել ևս պետք  չէ։ Նախագահների հանդիպումների հաճախականությունը ցույց է տալիս, որ հարկավոր է համաձայնեցնել դիրքորոշումները», – նշեց Իսկանդարյանը։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն իր հերթին նշեց, որ սա այս տարի սա երկու նախագահների արդեն չորրորդ հանդիպումն է։

«Հաստատվեցին հիմնական ուղղությունները, որոնց մասին հայտարարվել էր հանդիպման սկզբում, այդ թվում` երկկողմ համագործակցությունը ԵՏՄ–ի և ՀԱՊԿ–ի շրջանակում։ Բնական է, որ քննարկվել է համագործակցության տնտեսական բաղադրիչը, քննարկվել են այս տարի կարևորություն ունեցող խնդիրները», – ասաց Մարկարովը։

Նրա խոսքով` սա կարևոր է, քանի որ այս տարվա առաջին կեսին երկրների միջև իրականացվող ապրանքաշրջանառությունը նվազել է 14 տոկոսով, նվազել են Հայաստանում իրականացվող ռուսական ներդրումները։

«Հարկավոր է այս ամենը քննարկել` լուծումներ գտնելու և իրավիճակը լավացնելու համար», – նշեց Մարկարովը։

232