Министерство обороны Армении

Երևանը մեղադրում է Բաքվին սպառազինությունների վերահսկողության պայմանագրերի խախտման համար

89
Կիրակի օրն Ադրբեջանում սկսվել են զինված ուժերի զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 13–ը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տվյալ զորավարժությունները խախտում են սպառազինությունների վերահսկողության պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Ադրբեջանին այդ երկրում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների կապակցությամբ սպառազինությունների վերահսկողության պայմանագրերը խախտելու համար։

Կիրակի օրն ադրբեջանական ԶՈՒ զորավարժություններին, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 13–ը, մասնակցում է 65 հազար զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային սարքավորում, 40 ինքնաթիռ և ուղղաթիռ։

«Սպառազինությունների վերահսկողության միջազգային պայմանագրերը, մասնավորապես, ԵԱՀԿ շրջանակում, որի կազմում են Հայաստանը և Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկողության մեխանիզմներ»,– երկուշաբթի ասաց Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը «Զինուժ» պարբերականին տված հարցազրույցում։

Մասնավորապես, ըստ նրա, 2011 թվականի Վիեննայի փաստաթուղթը սահմանում է, որ անդամ–պետությունները պետք է իրազեկեն մյուս պետություններին զորավարժությունների անցկացման միևնույն գործունեության ցամաքային զորամիավորումների մասնակցության մասին այն դեպքերում, երբ դրանց մասնակցում է առնվազն 9 հազար մարդ` ներառյալ օժանդակ զորքերը, կամ առնվազն 250 մարտական տանկ, 500 մարտական զրահամեքենա, 250 ինքնագնաց և քարշական հրետանային զենքեր, ականանետներ և համազարկային կրակի (100 մմ և բարձր տրամաչափի) ռեակտիվ համակարգեր։ Միաժամանակ, եթե նմանատիպ զորավարժությունները նախատեսված չէին նախորդ տարվա ծրագրով, ապա դրանց մասին պետք է իրազեկել դրանց անցկացումից առնվազն 42 օր առաջ։

«Հայտնում եմ, որ թեև «Կայծակ 2015» զորավարժությունները, որոնք անցկացվել են Հայաստանում սեպտեմբերի 3-6–ը, և «Անխախտ եղբայրություն 2015» (ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի զորավարժություններ, որոնք կանցկացվեն Հայաստանում սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4–ը) չեն գերազանցում այդ քվոտաները, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման համար դրանց մասին հայտարարվել է ԵԱՀԿ ընթացակարգերին համապատասխան»,– ասել է Տոնոյանը` ավելացնելով, որ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին, դատելով հրապարակած թվերից, անհրաժեշտ էր տեղեկացնել նախօրոք, ինչը չի արվել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-

89