ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հարկ չկա, որ Հայաստանը «Իսկանդեր–Մ» օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգեր գնի, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում առաջին հետախուզական–դիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը։
Լուրերն այն մասին, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Հայաստան «Իսկանդեր–Մ» օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, շրջանառվում են դեռևս հուլիսից, սակայն դրա հետ կապված դեռևս ոչ մի կոնկրետ տվյալ չկա, քանի որ ողջ տեղեկատվությունը գաղտնի է։
«Հայաստանի համար «Իսկանդերի» գնումը սխալ քայլ է, քանի որ դրանք բավականին խոցելի են ծրագրային ապահովման, ինչպես նաև արբանյակային քարտեզների անհրաժեշտության տեսանկյունից, որոնք Հայաստանը նույնպես այլ երկրից կախման մեջ են դնում», – ասաց Վարտանովը։
Նրա խոսքով` այդ տեսանկյունից Հայաստանի համար ավելի նպատակահարմար է գնել ՍԿԱԴ տեսակի հրթիռներ, որոնք զիջում են «Իսկանդերին» ճշտության մեջ, սակայն ավելի պրակտիկ և շարժուն են։
Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է ռազմական փորձագետը, նման սարքավորումները կարող են արժենալ Հայաստանի համար ավելի էժան,`գրեթե նույն հեռավորության վրա խոցելու հնարավորության պարագայում։
Իր հերթին Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը նշեց, որ «Իսկանդեր» համակարգերն անհրաժեշտ են Հայաստանի համար, հատկապես սահմանին տիրող ներկա լարված իրավիճակի պայմաններում։
«Նման զենքի առկայությունը կարող է անվտանգության լրացուցիչ հավաստիք դառնալ և Ադրբեջանին ստիպել հաշվի առնել դրանց առկայությունը հակամարտության հնարավոր սրման պարագայում», – ասաց Մինասյանը։
Վերջին ժամանակներում հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է։ Սեպտեմբերի առաջին օրերից հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաև Բաքվի ռազմական հայտարարությունները։ Բացի այդ, Ադրբեջանը սկսել է սահմանին գործարկել ականանետային զենք և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Ավելի վաղ Մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոյից, որը «Իսկանդերի» գլխավոր արտադրողն է, հայտնել են, որ 2016 թվականին այդ համալիրները արտահանման համար չեն մատակարարվելու։ Մասնավորապես, անցյալ տարի հայտնել էին Ղազախստանի կողմից «Իսկանդերի» արտահանման տարբերակի հետաքրքրության մասին։ Հունիսին Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը այցելել էր «Բանակ-2015» ֆորում Մերձմոսկովյան շրջանում, որպեսզի բանակցություններ վարի համալիրի ձեռք բերման համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


