ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի բնակչությունն իր դժգոհությունն է հայտնում իշխանությունների` ռազմական կորուստները թաքցնելու գործելաոճից, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց «Ռազմինֆո» ռազմա–տեղեկատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Չնայած բանակում զոհերի թվաքանակի, սահմանամերձ շրջանների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության տարածման արգելքին` երկրում աճում է դժգոհությունը։ Մարդիկ հարցադրումներ են անում, նրանք ալընտրանքային տեղեկատվական միջոցներ են փնտրում պաշտպանության նախարարության հաղորդոգրությունների փոխարեն, որոնք վկայում են, որ բանակը ոչ մի կորուստ չի կրում», – ասաց Վրթանեսյանը։
Նրա խոսքերով` զոհերի քանակը թաքցնելու այդ տարրական քաղաքականությունը Ադրբեջանի իշխանություններին, ի դեմ Իլհամ Ալիևի, փակուղի է մտցնում։
«Ինձ թվում է, որ նույնիսկ իշխանություններն են սկսել դա գիտակցել, և իշխանամետ ԶԼՄ–ներից մեկը սկսել է քննադատել երկրի պաշտպանության նախարարությանը։ Կարելի է ենթադրել, որ առաջիկայում զոհերի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը մի փոքր ավել կլինի, սակայն խոշոր կորուստները առաջվա պես թաքցվելու են», – ասաց Վրթանեսյանը։
Նա նշեց, որ ներկա լարված իրավիճակը սահմանին կարող է կապված լինել երկրի ներսում ընթացող տարբեր խնդիրների հետ, որոնց համար ստեղծված իրավիճակը ուշադրություըն շեղելու ունիվերսալ դեղատոմս է։
«Համենայնդեպս, խաղաղության ունիվերսալ սահմանում կա` «խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի», – ընդգծեց Վրթանեսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


