Каскад, Ереван

Հայ և գերմանացի ջազմենները համերգներ կունենան Երևանում

12
Այս միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ։ Այս տարի համերգաշարին կմասնակցի գերմանացի հայտնի սաքսոֆոնահար Պետեր Լեգելը, նշել է հայ–գերմանական երաժշտական միության ղեկավար, ջութակահարուհի Անի Աղաբեկյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի —  Sputnik. Հայ և գերմանացի ջազմենները համերգաշար կանցկացնեն Երևանում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Գերմանա–հայկական երաժշտական միության ղեկավար, ջութակահարուհի Անի Աղաբեկյանը։

«Այսպիսի ծրագիր Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ։ Այս տարի միջոցառմանը կմասնակցի գերմանացի հայտնի սաքսոֆոնահար Պետեր Լեգելը»,– նշեց Աղաբեկյանը։

Նա ավելացրեց, որ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 2–ին «Mezzo» ակումբում նախատեսված համերգին կմասնակցեն Պետեր Լեգելը, հայտնի հայ դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թմբկահար Արման Ջալալյանը և Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը։

Սեպտեմբերի 3–ին Լեգելը վարպետության դաս կանցկացնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, նույն օրը երեկոյան բաց համերգ կանցկացվի գերմանացի սաքսոֆոնահարի, կոնսերվատորիայի ուսանողների, ինչպես նաև Վահագն Հայրապետյանի մասնակցությամբ։

Աղաբեկյանի խոսքով` վերջին համերգը կկայանա սեպտեմբերի 5–ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնում, որին կմասնակցի նաև ինքը` ջութակահարուհին։

Գերմանացի սաքսոֆոնահար Պետեր Լեգելն իր հերթին ավելացրեց, որ հայ  երաժիշտները մեծ տպավորություն են գործել իր վրա։ Սաքսոֆոնահարը նրանց կատարումն անվանեց ֆանտաստիկ և առանձնահատուկ։ Նա նշեց, որ նրանց հետ գործակցությունը շատ հետաքրքիր է իր համար։
Լեգելը նշեց, որ Գերմանիայում, ինչպես մյուս բոլոր երկրներում, հիմնականում նախընտրում են փոփ–երաժշտություն լսել, բայց ջազը միշտ զբաղեցրել է և կզբաղեցնի իր տեղը գերմանացի ունկնդիրների կյանքում։

«Վերջին տարիներին զարգացման նոր մակարդակ է բարձրացել Գերմանիայում ջազ երաժշտության դասավանդումը, ինչը նույնպես օգնել է, որ երաժշտության այս տեսակն ավելի մասսայական դառնա երկրում»,– ընդգծեց Լեգելը։

Գերմանա–հայկական երաժշտական միությունը հիմնվել է 2011 թվականին Գերմանիայում։ Միությունը օգնում է հայ և գերմանացի երաժիշտների միջև կապ ստեղծելուն, Հայաստանում գերմանացի պրոֆեսորների և դասախոսների վարպետության դասեր է կազմակերպում, ինչպես նաև համատեղ համերգներ անցկացնում Գերմանիայում։

12