Больница

Գյումրիում բոտուլիզմի դեպք է գրանցվել

71
Հիվանդը հոսպիտալացվել է «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Կիրակի Գյումրիում բոտուլիզմի մեկ դեպք է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է:

Օգտագործումից մի քանի ժամ անց հիվանդներից մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, շնչահեղձություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդը հոսպիտալացվել է «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Բուժումը շարունակվում է:

Նույն մարինադից օգտագործել են ընտանիքի ևս երկու անդամներ, որոնցից մեկի մոտ օգոստոսի 31-ին սկսել են զարգանալ բոտուլիզմին բնորոշ կլինիկական նշաններ՝ աչքի կոպի իջեցում, անզուսպ փսխումներ: Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում է ստացիոնար բուժում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից կամ

տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե։

Բոտուլիզմը սուր ինֆեկցիոն հիվանդություն է։ Առաջանում է անաերոբային բակտերիաներից և նրանց տոքսիններից և հիմնականում ախտահարում է գլխուղեղի ներվերը։

Առավել մեծ թվով բոտուլիզմի դեպքեր են գրանցվում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Լաբորատոր հետազոտությունները վկայում են այն մասին, որ բոլոր դեպքերում թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված սննդի օգտագործումն է։ –0–

71